ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԵՄ-Ի ՁՄԵՌԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ<br />


ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԵՄ-Ի ՁՄԵՌԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

  • 14-12-2007 20:55:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրյուսելում ավարտված ԵՄ ձմեռային գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը եղավ Լիսաբոնի հռչակագրի ընդունումը: Առաջին անգամ հանրակցության պատմության մեջ Եվրամիության 27 երկրների կառավարությունների եւ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կայացավ եվրոպական երկու մայրաքաղաքներում. այն սկսվեց դեկտեմբերի 13-ին Լիսաբոնում ԵՄ նոր սահմանադրական համաձայնագրի ստորագրմամբ եւ ավարտվեց Բրյուսելում միջազգային հարցերի քննարկումներով: Լիսաբոնի հռչակագրում ամրագրված է հանրակցության ղեկավար հաստատությունների բարեփոխում, որը թույլ կտա հաղթահարել ներկայիս ԵՄ սահմանադրական ճգնաժամը, որ առաջացել է նրա արագ ընդլայնմամբ: Սակայն իր ոգով այդ համաձայնագիրը, ի տարբերություն ԵՄ ձախողված սահմանադրության, եղավ նահանջ «ֆեդերատիվ Եվրոպայի» նախագծից` հօգուտ Եվրամիության անդամ առանձին երկրների ավելի մեծ ինքնիշխանության: Այսօր Բրյուսելում քննարկվել է Կոսովոյի ապագա կարգավիճակի թեման: Ըստ առկա տեղեկությունների, եվրոպական առաջնորդները պայմանավորվել են Բելգրադին առաջարկել ԵՄ արագ անդամակցության հեռանկար` երկրամասի անկախության ճանաչման դիմաց: Մինչդեռ եվրոհամայնքի 27 երկրների միջեւ դեռեւս փոխզիջում ձեռք չի բերվել առանց ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան բանաձեւի Կոսովոյի անկախության ճանաչման հնարավորության վերաբերյալ: Եվրոպական առաջնորդները խոր մտահոգություն են արտահայտել Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ եւ պահանջել վերջինից դադարեցնել գործունեությունը ուրանի հարստացման ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play