ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ<br /> «ԱԴԱՄԱՆԴ» ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
«ԱԴԱՄԱՆԴ» ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

  • 06-12-2007 17:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 10-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա հայ-ռուսական համատեղ արտադրության «Ադամանդ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց կինոնկարի գլխավոր դերակատար Գոռ Վարդանյանը, մարտաֆիլմում ներկայացվում են Գեղարդում պահվող գանձերը, որոնց ցանկանում են տիրանալ ռուսները: 1 ժամ 20 րոպե տեւողությամբ «Ադամանդ» ֆիլմի սցենարիստն է Կարեն Վաթյանը, ռեժիսորը` Ալեքսանդր Կրիմինենկոն: Գլխավոր դերերում հանդես են եկել նաեւ հայտնի դերասաններ Ջամալ Աջիգեիեւը եւ Յուրի Նազարովը: Ֆիլմի նկարահանմանը մասնակցել են մեկ տասյնակից ավելի կարատեի աշխարհի չեմպիոններ: Ըստ Գ.Վարդանյանի, կինոնկարը ավելի շատ նախատեսված է երեխաների եւ պատանիների համար: «Ադամանդ» ֆիլմի երեւանյան պրեմիերայից հետո այն կցուցադրվի նաեւ Մոսկվայում: Ֆիլմը նկարահանվել է դեռեւս 2004թ.-ին, սակայն մոնտաժային աշխատանքներն ավարտվել են վերջերս: Գ.Վարդանյանն ավելի վաղ փորձել է հանդիսատեսին ներկայացնել արցախյան պատերազմի տարիներին տեղի ունեցած պատմական իրադարձությունների մասին պատմող իր ֆիլմը, որն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում արժանացել է հանդիսատեսի եւ կինոքննադատների դրվատանքին: Նշվեց նաեւ, որ «Ճակատագիր» կինոնկարը այս տարի ԱՄՆ-ում կայացած «The method fest» փառատոնում արժանցել է առաջին մրցանակի: Փառատոնում ներկայացվել է 750 ֆիլմ, որոնցից եզրափակիչ փուլ են դուրս եկել միայն 25-ը: «Ճակատագիրը» 2008թ.-ին կներկայացվի նաեւ Բեռլինում կայանալիք ֆիլմերի փառատոնին: Գ.Վարդանյանը հաջորդ տարի նախատեսում է Հայաստանում բացել միջազգային ստանդարտներով կինոարտադրության ստուդիա: Բացի այդ, նա նախատեսում է նաեւ Երեւանում նկարահանել մի շարք մանկական ֆիլմեր, որոնցում հանդես կգան Հայաստանի Դուքենդո-ֆուլ կոնտակտ կարատեի սաները: «Ֆեդերացիայի գործունեությունը ցույց է տալիս, որ երեխաները սիրում են սպորտը եւ ցանկանում են այդ սպորտաձեւով նաեւ ինքնահաստատվել: Իսկ իմ նպատակն է առաջին հերթին երեխաներին կտրել փողոցից եւ նրանց սովորեցնել ոչ միայն ինքնապաշտպանվել, այլեւ պայքարել մեր կյանքում առկա անարդարությունների դեմ: Մանկական ֆիլմերը եւս դրանց մասին են լինելու»,- նշեց Գ.Վարդանյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play