ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԵԼԻՔ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ<br /> ԴԵՄ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ ԳՈՐԾԸ ՔՆՆՎԵԼ Է ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ<br />


ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԵԼԻՔ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ
ԴԵՄ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ ԳՈՐԾԸ ՔՆՆՎԵԼ Է ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ

  • 27-11-2007 19:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2001թ. դեկտեմբերի 29-ին ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի ավտոմեքենան պայթեցնելու միջոցով սպանության փորձ կատարելու մեղադրանքով գործի նախաքննությունը եւ դատաքննությունը ընթացել է կոպիտ խախտումներով: Այս մասին նոյեմբերի 27-ի մամուլի ասուլիսում հայտարարեց գործով ամբաստանյալ Սիլվա Ասատրյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: 2007թ. հոկտեմբերի 12-ին գործով դատավճիռ է կայացվել Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների դատարանի կողմից: դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ, ներկայումս գործը քննվում է Քրեական վերաքննիչ դատարանում: «Օրենքի կոպիտ խախտումների» թվում փաստաբանը հիշատակեց այն դեպքը, որ դեռեւս նախաքննության ընթացքում գործով մեղադրյալ Սիլվա Ասատրյանին «առեւանգել» եւ, ինչպես պարզվեց հետագայում, տարել Ազգային Անվտանգության Ծառայության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, ապօրինի զրկել նրան ազատությունից` թեեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանը մերժել էր կալանքի միջնորդությունը: Դրան հետեւել էր Ս.Ասատրյանի պաշտպանների եւ իրավապաշտպանների համատեղ հայտարարությունը` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին: «Հանցագործության մասին այս գրավոր հաղորդման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին որոշում չկայացվեց, հայտարարությունը սոսկ կցվեց գործին եւ ուղարկվեց դատարան»,- նշեց փաստաբանը: Օրենքի խախտումների թվում պաշտպանական կողմը հիշատակեց նաեւ այն, որ Սիլվա Ասատրյանին արգելվել էր հարցաքննել իր դեմ ցուցմունքներ տված Յուրի Վոլֆսոնին, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների խախտում է: Այս խախտումն առավել ծանրացել է այն հանգմանքով, որ Վոլֆսոնը դատարանում հայտարարել էր, որ ցուցմունքները կորզվել էր խոշտանգումների արդյունքումՆ նախաքննական մարմնի թելադրանքով: Փաստաբանը օրենքի խախտումների թվում նշեց նաեւ, որ դատավճիռը իրենց տրամադրվել է դրա հրապարակումից միայն 10 օր հետո, թեեւ օրենքը սահմանում է 5-օրյա ժամկետ: Կողմին ուշացումով են տրամադրվել նաեւ դատական նիստերի արձանագրությունները:
Նոյյան տապան  -   Հասարակություն