ՀԱՅԵՐԻ ԲԱՐՁՐԱՑԱԾ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ ԿԲԵՐԻ ԳԱԼԻՔ<br /> ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br />


ՀԱՅԵՐԻ ԲԱՐՁՐԱՑԱԾ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ ԿԲԵՐԻ ԳԱԼԻՔ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • 09-11-2004 17:40:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հոդվածագիր` Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա կուրիեր» Նախագահ Բուշի վերընտրվելու արդյունքում գալիք չորս տարիների ընթացքում որեւէ էական փոփոխություն չի ակնկալվում հայ-ամերիկյան հարաբերություններում: Առավել հավանական է, որ նախագահ Բուշը որոշ ժամանակ զբաղված կլինի այլ հրատապ հարցերով, որոնք կխլեն նրա ամբողջ ուշադրությունը: Այնուհանդերձ, եթե հայկական հարցերի առնչությամբ Բուշի վարչակազմի հետ անսպասելի բարդություններ առաջանան, ապա ամերիկահայերը կարող են փորձել դրանք կարգավորել. 1) աշխատելով Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում իրենց հանրապետական եւ դեմոկրատ բարեկամների հետ; 2) օգտագործելով Բուշի վարչակազմի պաշտոնյաների հետ որոշ ամերիկահայերի կապերը, որ նրանք զարգացրել են նախագահական ընտրություններում Բուշին աջակցելու արդյունքում: Քանի որ Ամերիկայի թուրքերի, ինչպես եւ ամերիկահայերի մեծ մասը պաշտպանել են սենատոր Քերիի թեկնածությունը, ապա հազիվ թե Բուշի վարչակազմը բռնի այս համայնքներից մեկի կողմը` նոյեմբերի 2-ին նրանց քվեարկության պարզ պատճառով: Հատկանշական է սակայն, որ Թուրքիայի ամենահարգարժան լրագրողներից մեկը` Մեհմեթ Ալի Բիրանդը, «Թըրքիշ Դեյլի Նյուս»-ի 2004 թ. նոյեմբերի 4-ի համարում նախագահ Բուշի վերընտրության վերաբերյալ իր կարծիքն է հայտնել հետեւյալ խորագրով սյունակում. «Օսամա Բեն Լադենը շատ գոհ է արդյունքներից»: Այնուհետեւ նա ասում է. «Անկարան [նույնպես] շատ գոհ է արդյունքներից»: Բիրանդը չի բացատրում պատճառները, թե ինչու են Օսաման եւ Անկարան գոհ Բուշի վերընտրությամբ եւ ինչ ընդհանուր բան կա նրանց միջեւ(!): Ես նաեւ կցանկանայի հիշատակել Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հետեւյալ անհավանական հայտարարությունը. «Մենք թուրք ենք: Անհրաժեշտության դեպքում մի տզի համար մենք մի ամբողջ սավան կվառենք»: Թուրքական «Զաման» թերթի ինտերնետային տարբերակի 2004 թ. նոյեմբերի 4-ի թողարկման համաձայն, Գյուլն այդ հայտարարությունն արել է Եվրամիությանն ուղղված նամակում, ուր գանգատվել է Թուրքիայի անդամակցության վերաբերյալ Եվրամիության զեկույցի տարբեր հատվածների առնչությամբ: Արտգործնախարար Գյուլի ոչ դիվանագիտական եւ սպառնալից հայտարարությունը բավարար հիմք պետք է լինի Թուրքիային Եվրամիություն չընդունելու համար(!): Չի երեւում, թե այս «ժամանակակից» եւ «եվրոպացի» թուրք պաշտոնյան շատ է տարբերվում իր օսմանցի նախնիներից(!): Հայերը, մյուս կողմից, շատ ավելի մեծահոգի եւ դիվանագետ գտնվեցին: Որպես արարողակարգի ընդունված ձեւ եւ դրական ժեստ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցյալ շաբաթ նամակ հղեց նախագահ Բուշին` շնորհավորելով նրան վերընտրվելու կապակցությամբ: Նման շնորհավորական ուղերձներ հղեցին նաեւ Ամերիկայի բազմաթիվ հայկական կազմակերպություններ, այդ թվում Ամերիկայի Հայկական համագումարը եւ ՀՅԴ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը: Նախագահական ընտրարշավի գլխավոր ձեռքբերումներից մեկն այն փաստն էր, որ առաջին անգամ ամերիկահայ համայնքը մեծապես ներգրավված էր ընտրությունների գրեթե բոլոր ասպեկտներում: Ի լրումն այս կամ այն թեկնածուին քաղաքական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Ամերիկայի հայկական քաղաքական կազմակերպությունների կողմից հայտարարությունների, հայ անհատները մեծապես աջակցեցին թե' նախագահ Բուշի, թե' սենատոր Քերիի ընտրարշավներին: Բացի այդ, ամենօրյա ընտրարշավային գործունեության մեջ ներգրավված էին նաեւ ամերիկահայեր, որոնք անում էին ամեն ինչ` սկսած հեռախոսազանգերին պատասխանելուց մինչեւ տարբեր նահանգներում դռնեդուռ ընկնելը, հարեւան նահանգների հայերին աջակցության փոստային բացիկներ հղելը, ընտրարշավի շրջանակում միջոցառումներ կազմակերպելը եւ այլն: Սա խիստ տարբերվում է նախկին նախագահական ընտրություններից, երբ ամերիկահայերի մեծամասնությունը պարզապես նստում էր եւ սպասում, թե արդյոք հաղթող թեկնածուն կկատարի ընտրարշավի ընթացքում տված խոստումները: 2004 թ. ընտրություններում ամերիկահայերը սոսկ քվեարկողներ չէին: Ավելի քան տասնյակ ամերիկահայեր տարբեր քաղաքական պաշտոնների թեկնածուներ էին: Ուրախ եմ հայտնել, որ նրանցից շատերին հաջողվեց ընտրվել եւ վերընտրվել. Կոնգրեսի ընտրություններ. Ներկայացուցիչների պալատի երկու ամերիկահայ անդամները` Կալիֆոռնիայից դեմոկրատ Աննա Էշուն եւ Նյու Յորքից հանրապետական Ջոն Սուինին, վերընտրվել են; Նահանգային սենատի ընտություններ. նահանգային խորհրդարանի անդամ Ջո Սիմիթյանը, ինչպես եւ Չաք Փուչիգյանը եւ Ջեկի Սփեյերը հաղթել են Կալիֆոռնիայի նահանգային սենատի ընտրություններում, մինչ Նյու Հեմփշիրից հանրապետական Հարրի Հայթայանն ու Նեւադայից հանրապետական Դեննի Թարքանյանը պարտվել են; Նահանգային խորհրդարանի ընտրություններ. Կալիֆոռնիայից հանրապետական Գրեգ Աղազարյանը, Օրեգոնից դեմոկրատ Բրեդ Ավագյանը, Միչիգանից հանրապետական Ջոն Գարֆիլդը, Մասաչուսեթսից դեմոկրատ Ջոն Ֆրեզոլոն, Կոնեկտիկուտից դեմոկրատ Ջոն Գերագոսյանը, Մասաչուսեթսից դեմոկրատ Ռեյչըլ Կապրիելյանը, Մասաչուսեթսից դեմոկրատ Փիթըր Քութուջյանը եւ Մասաչուսեթսից դեմոկրատ Ջիմ Միչելին ընտրվել կամ վերընտրվել են, մինչ Կալիֆոռնիայից հանրապետական Ռիտա Թոփալյանը, Փենսիլվանիայից հանրապետական Աիդա Ալոյանը եւ Ռոդ Այլենդից հանրապետական Ջասփեր Բեդրոսյանը պարտվել են; Քաղաքապետական ընտրություններ. Սքոթ Ավեդիսյանը (Ուորվիք, Ռոդ Այլենդ) եւ Քըրք Քարթուզյանը (Դաունի, Կալիֆոռնիա) հաջողությամբ վերընտրվել են: Ամերիկահայ համայնքի քաղաքական նպատակներն իրականացնելու համար հայերը պետք է ակտիվորեն ներգրավվեն քաղաքական արշավներում եւ նպաստեն հայերի, ինչպես նաեւ աջակից ոչ-հայերի ընտրությանը: Չնայած շատ ամերիկահայերի նախընտրած թեկնածուները չհաղթեցին, այնուհանդերձ նրանք լավ առաջխաղացում ունեցան եւ նշանակալի կապիտալ ձեռք բերեցին ի դեմս քաղաքական մասնակցության աստիճանի բարձրացման եւ փորձի, որոնք նրանք ըստ ամենայնի կկարողանան վերածել ապագա հաղթանակների:
Նոյյան տապան  -   Վերլուծություն