ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ԳՈՅՈՒԹՅԱՆԸ<br />


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԳՈՅՈՒԹՅԱՆԸ

  • 10-08-2004 20:10:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հոդվածագիր` Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա կուրիեր» Թվում է` միջազգային հանրությունը չի գիտակցում հայերի եւ ադրբեջանցիների (որոնց աջակցում է Թուրիքան) միջեւ առկա անվստահության զգացմունքի խորությունը, ինչը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դարձնւմ է չափազանց դժվար: Միջնորդ շրջանակները միամտաբար հավատում են, որ ստիպելով հայերին որոշ տարածքային զիջումներ անել խնդիրը կլուծվի եւ երկու հարեւան պետություների միջեւ խաղաղություն կհաստատվի: Անցյալ շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ գնդապետ Ռամիզ Մելիքովը սպառնալի հայտարարություն արեց` որն ապացուցում է, որ հայկական կողմի արած ցանկացած զիջում միայն կգրգռի ադրբեջանցիների ախորժակը` դրդելով նրանց կանգ առնել Հայաստանը զավթելուց հետո միայն: Նրա խոսքերը պետք է ազդանշան ուղարկեն միջազգային հանրությանը եւ համոզեն ԵԱՀԿ միջնորդներին, որ Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում փնտրելու փոխարեն Ադրբեջանը, փաստորեն, մտադիր է ընդլայնել պատերազմը: Ի վերջո, ինչպես կարող էին միջնորդները երբեւէ հուսալ վերահսկել, էլ չեմ ասում, լուծել այս հակամարտությունը, երբ ադրբեջանցի բարձրաստիճան գործիչը հայտնում է, որ Ադրբեջանը մտադիր է գրավել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը: Ըստ Բաքվում լույս տեսնող «Զերկալո» օրաթերթի, գնդապետ Մելիքովն ասել է. «Գալիք 25 տարիների ընթացքում, Հարավային Կովկասում Հայաստան անունով պետություն գոյություն չի ունենալու: Այդ մարդիկ այնքան զզվելի բաներ են արել իրենց հարեւանների նկատմամբ, որ այս տարածաշրջանում ապրելու իրավունք չունեն: Ներկայիս Հայաստանը կառուցվել է Ադրբեջանի պատմական հողերի վրա: Կարծում եմ, որ 25-30 տարի անց նրա տարածքը նորից կանցնի Ադրբեջանի հսկողության տակ»: Մելիքովը պարծեցել է, թե Ադրբեջանն այսօր ռազմականորեն շատ ավելի հզոր է քան 10 տարի առաջ: Նա կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը անմիջապես պատերազմ հայտարարել Հայաստանին եւ «ազատագրել Ղարաբաղը»: Վերջին ամիսներին նախագահ Իլհամ Ալիեւը եւ ազերի մի շարք զինվորականներ պարբերաբար սպառնացել են վերսկսել Հայաստանի հետ ռազմական գործողությունները: Հայ զինվորականներն անտեսել են այս սպառնալիքները` գտնելով, որ Ադրբեջանը դեռ չի կարող համեմատվել Հայաստանի ռազմական հզորության հետ: Ավելին, հայերն ասում են, որ եթե Ադրբեջանն իսկապես հարձակվելու հնարավորություն ունենար, դա կաներ առանց նախապես զգուշացնելու: Այնուամենայնիվ, շատ վերլուծաբաններ կարծում են, որ եթե Ադրբեջանը դիմի նման հիմար արկածախնդրության, կարող է նույնիսկ շատ ավելի տարածքներ կորցնել քան նախորդ անգամ, երբ փորձեց հայերի դեմ ուժ գործադրել` չհաշված Ադրբեջանի միլիարդավոր դոլարների հասնող նավթի արդյունաբերության հնարավոր մասնատումը եւ/կամ ֆիզիկական ոչնչացումը: Զարմանալի է, որ Հայաստանի կառավարությունը չի արձագանքել Հայաստանի գոյությանը սպառնացող ադրբեջանցի զինվորականի ռազմաշունչ հայտարարությանը: ՀՅ Դաշնակցության Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակն արձագանքել է` Կոնգրեսի եւ Սպիտակ Տան բոլոր անդամներին ուղարկելով գնդապետ Մելիքովի հայտարարության կրկնօրինակները եւ նրանց խնդրելով «խստորեն եւ հրապարակայնորեն ընդդիմանալ Ադրբեջանի կառավարությանը այս ատելությամբ լի եւ ապակայունացնող սպառնալիքների համար»: Հուսով եմ Հայաստանի կառավարությունը շատ լրջորեն կմոտենա Հայաստանը գրավելու վերաբերյալ ազերի գործչի սպառնալիքներին: Հայաստանը պետք է պահանջի, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը ետ վերցնի պատերազմ սկսելու հայտարարությունը եւ կշտամբի գնդապետ Մելիքովին: Հայաստանը պետք է հայտարարի, որ հրաժարվում է մասնակցել հետագա ցանկացած բանակցություններից մինչեւ դա տեղի չունենա: Ինչպես կարող են երկու երկրներ հանդիպել` քննարկելու, թե ինչպես խաղաղություն հաստատեն, երբ դրանցից մեկը սպառնում է մյուսի գոյությանը: Ադրբեջանը Հայաստանին սպառնալու կամ որեւէ պայմաններ թելադրելու իրավունք չունի: Ղարաբաղը փաստացի նվաճել է իր անկախությունը: Մինչեւ Ադրբեջանը ետ չվերցնի Մելիքովի աննընդունելի հայտարարությունը, հայ զինվորականները ադրբեջանցի իրենց գործընկերների հետ հանդիպելու պատճառ եւ քննարկելու ոչինչ չունեն: Անհաջող հարցազրույց թուրքական մամուլին. Ստամբուլում տեղակայված Սեւ ծովյան տնտեսական համագործակցության խորհուրդում Հայաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Արսեն Ավագյանն անցյալ շաբաթ հարցազրույց է տվել թուրքական «Պոստա» թերթին: Մեզ հայտնի չէ, թե արդյոք «Պոստա»-ն ճշգրիտ կերպով է ներկայացրել Ավագյանի խոսքերը: Հաշվի առնելով նրա կարգավիճակը (երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում այն համարժեք է Թուրիքայում բանագնացի կարգավիճակի), հուսով ենք, որ Ավագյանը չի ասել մի քանի բաներ, որ ներկայացված են որպես մեջբերում: Նախեւառաջ, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը նա այն անվանել է «անցյալի ողբերգական իրադարձություններ»: Հայաստանի կառավարության եւ Թուրքիայի Սփյուռքի դիրքորոշումները սահմանազատելով` նա ասում է, որ եթե Թուրքիան դրական քայլ կատարի (նկատի ունենալով սահմանի բացումը), «ապա հայկական Սփյուռքը նույնպես հարկադրված կիլնի փոխել իր դիրքորոշումը»: Ավագյանն ասում է, որ հայերը «Թուրքիայից դրական տպավորություններ ունեն»: Հայտնելով, որ «անցյալի ողբերգական իրադարձությունները չեն կարող խոչընդոտել ապագա համագործակցությանը», նա հարցնում է թուրք լրագրողին. «Ի՞նչու պետք է հայերը Թուրքիայի մասին վատ մտածեն»: Նա ասում է, որ Հայաստանում հայերը լսում են թուրքական երաժշտություն, դիտում են թուրքական հեռուստաընկերություններ եւ թուրքական գրքեր են կարդում: Սա առաջին անգամը չէ, որ թուրքական մամուլը հայ գործչին մեջբերում կամ սխալ է մեջբերում: Հաշվի առնելով Թուրքիայի հետ զգայուն հարաբերությունները, հատկապես երբ խոսքը գնում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ, եւ հարցազրույց տվողների խոսքերն աղավաղելու թուրք լրագրողների հակվածությունը, հայաստանյան կառավարությունը կարող է ցանկություն հայտնել հանձնարարական տալ երկրում իր բոլոր աշխատակիցներին, ինչպես նաեւ արտասահմանում գտնվող իր դիվանագիտական ներկայացուցիչներին հանձնարարական տալ այլեւս հարցազրույց չտալ թուրքկան մամուլին: Հայաստանի կառավարությունը չպետք է թույլ տա, որպեսզի թուրքական մամուլում տարբեր գործիչներ կոնֆլիկտային հայտարարություններ անեն Թուրքիայից Հայաստանի պահանջների զգայուն խնդրի վերաբերյալ եւ դեռ ավելին, թույլ տան, որ թուրք լրագրողները աղավաղեն իրենց մեկնաբանությունները: Եթե Հայաստանի կառավարությունը ցանկանա Թուրքիային հաղորդագրություն ուղարկել, այդ առաջադրանքի համար համապատասխան անձը Հայաստանի արտաքին նախարարության մամլո խոսնակն է:
Նոյյան տապան  -   Վերլուծություն