ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ<br /> ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՅՏ «ՔՐՈՆՈՍ» ԴԱՍԱԿԱՆ ՔԱՌՅԱԿԸ<br />


ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՅՏ «ՔՐՈՆՈՍ» ԴԱՍԱԿԱՆ ՔԱՌՅԱԿԸ

  • 24-06-2004 16:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում միայն մեկ համերգով` հունիսի 29-ին, հանդես կգա ամերիկյան «Քրոնոս» դասական քառյակը: «XXI-ի հեռանկարներ» 5-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստան ժամանող հանրահայտ քառյակի երեւանյան համերգը նախաձեռնել է Հայաստանի երաժշտական ինֆորմացիոն կենտրոնը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, «Քրոնոսի» հետ բանակցությունները սկսվել են դեռեւս 2001 թվականին, սակայն միայն վերջերս` այս տարվա գարնանը, ձեռք բերվեց Հայաստանում համերգով հանդես գալու պայմանավորվածությունը: Նշվեց, որ քառյակի հետ Երեւան կժամանեն լուսային եւ ձայնային ռեժիսորներ ԱՄՆ-ից, որոնք կապահովեն բոլոր տեխնիկական խնդիրները: Համերգին կատարվելիք բոլոր ութ գործերը հատուկ գրված են «Քրոնոսի» համար կամ հեղինակված են քառյակի կողմից: Դրանցից մեկը գրվել է NASA-ի պատվերով: NASA-ի կողմից տիեզերքում ձայնագրված արեգակնային հնչյունները «Քրոնոսը» վեր է ածել երաժշտության: Ի դեպ, Ս.Հովհաննիսյանը նշեց, որ քառյակի երաժիշտները կատարել են երեք հայ կոմպոզիտորների` Աշոտ Զոհրաբյանի, Ավետ Տերտերյանի եւ ամերիկահայ Տիգրան Թահմիզյանի, գործերից, որոնք նույնպես հատուկ պատվիրված են եղել «Քրոնոսի» համար: «Մենք երկար ժամանակ բանակցում էինք, որ քառյակը Երեւանում հայ կոմպոզիտորներից մեկի գործերից կատարի, սակայն նրանք չհամաձայնվեցին»,- ասաց Ս.Հովհաննիսյանը: Փառատոնի գլխավոր մենեջերի խոսքերով, քառյակի համերգների տոմսերի գինը, սովորաբար, տատանվում է 200-1000 դոլարի սահմաններում: Սակայն, հաշվի առնելով Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը, երեւանյան համերգը լինելու է հիմնականում մուտքի տոմսերով եւ հրավիրատոմսերով. կվաճառվեն միայն որոշակի քանակույամբ տոմսեր, որոնց արժեքը կկազմի 3000-15000 դրամ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play