ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ» ՎԵՊԻ<br /> ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ<br />


ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ» ՎԵՊԻ
ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

  • 03-05-2004 17:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանը մասնակցում է Ֆրանսիայի Մշակույթի նախարարության կողմից մայիս ամսին կազմակերպվող միջազգային ակցիային, որին մասնակցում են տարբեր երկրների թանգարաններ: «Պատմություն եւ պատմություններ» խորագրով ակցիայի շրջանակներում մայիսի 2-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բացվեց Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի նկարազարդումների ցուցահանդեսը: Ներկայացված են Մարտիրոս Սարյանի, Արա Բեքարյանի, Յուրի Բաղդասարովի, Ռոբերտ Էլիբեկյանի եւ այլ հայ արվաստագետների գրաֆիկական աշխատանքները: Ըստ թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի, այդ աշխատանքները, որ տարիներ շարունակ պահվել են թանգարանի պահոցներում, առաջին անգամն են ցուցադրվում: Վեպի նկարազարդումներում ներկայացված են Կարսի ամբողջական պատկերը, քաղաքի կենցաղը, պատմամշակութային կոթողները: Լ.Հակոբյանը դրանցից հատկապես առանձնացրեց Մարտիրոս Սարյանի նկարազարդումները, որոնցում, ըստ նրա, տրված է «Երկիր Նաիրի» վեպի հերոսների տիպիկ նկարագիրը: ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյան խոսքերով, Չարենցի վեպը գեղարվեստական ինքնատիպ մտածողության դրսեւորում է: Հեղինակը տիպականացման երգիծական արտահայտչամիջոցներով եւ անսովոր հանգուցալուծումներով ներկայացրել է ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական բարդ իրադարձությունները: Ցուցահանդեսին ցուցադրվեց նաեւ ռեժիսոր Մարատ Վարժապետյանի «Երկիր Նաիրի» ֆիլմը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play