ՔԵՐԻՆ ԱՍՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲՈՒՇԸ` ՈՉ. ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ<br /> ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՍՏԱԿ Է<br />


ՔԵՐԻՆ ԱՍՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲՈՒՇԸ` ՈՉ. ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՍՏԱԿ Է

  • 30-04-2004 19:15:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հոդվածագիր` Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա կուրիեր» Չորրորդ տարին անընդմեջ ԱՄՆ նախագահ Բուշը դրժում է ամերիկահայ համայնքին տված իր խոստումը: Անցած շաբաթ նա հանդես եկավ ապրիլի 24-ի հերթական ամենամյա ուղերձով, որում կրկին խուսափեց Հայոց ցեղասպանությունը որակել որպես «ցեղասպանություն»: 2000 թ. նախագահական ընտրարշավի ժամանակ մի գրավոր հայտարարության մեջ անդրադառնալով հայ ժողովրդի դեմ իրականացված «ցեղասպանական արշավին» (genocidal campaign), այն ժամանակ թեկնածու Ջորջ Բուշը խոստացավ նախագահ ընտրվելու դեպքում պատշաճ կերպով որակել այն: Այդուհանդերձ, ընտրվելուց ի վեր նախագահ Բուշի խորհրդատուները նրան թույլ չեն տալիս ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում օգտագործել «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: Փոխարենը, 1915-1923 թթ. հայերի դեմ իրականացված գործողությունները որակելիս նա օգտագործում է անգլերենում առկա բոլոր հնարավոր բառերը` բացի ցեղասպանությունից: Դժբախտաբար, այդ բառախաղը շարունակվում է տարեցտարի: Ահա նախագահ Բուշի խուսափողական տերմիների եւ մեղմասությունների այս տարվա ընտրանին` «20-րդ դարի ամենազարհուրելի ողբերգություններից մեկը .... Օսմանյան Կայսրության վերջին տարիներին իրականացված ավելի քան 1,5 միլիոն հայերի բնաջնջումը բռնի տեղահանությունների եւ կոտորածների միջոցով .... այս սարսափելի իրադարձությունները շարունակում են ցավ պատճառել Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդներին», եւ ի վերջո` «կյանքերի այդ կորուստը»: Ամբողջացնելով վիրավորանքը` նախագահ Բուշն ապրիլի 24-ի ուղերձում անհարկի բարձր է գնահատում Հայ-թուրքական հաշտեցման վարկաբեկված հանձնաժողովը (ՀԹՀՀ): Անհավատալի է, թե նախագահի «իմաստուն» խորհրդականները չեն լսել, որ ՀԹՀՀ-ն պաշտոնապես եւ մեծահոգաբար ավարտել է իր գոյությունը երկու շաբաթ առաջ: Արդեն երկրորդ տարին անընդմեջ նախագահ Բուշը գովաբանում է ՀԹՀՀ-ի աշխատանքները: Այս քայլով նա կասկած չի թողում, որ տվյալ նախաձեռնությունը ֆինանսավորվում եւ աջակցվում է Ամերիկայի կողմից: ՀԹՀՀ-ի հետ կապված ոչինչ այնքան դատապարտելի չէ, որքան այն փաստը, որ այն ուղղորդվում է Բուշի վարչակազմի կողմից: Չասելով ցեղասպանություն` նախագահ Բուշը նաեւ անտեսեց Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ եւ հանրապետական 169 անդամների եւ ԱՄՆ 22 սենատորների (այդ թվում նաեւ սենատոր Ջոն Քերիի) կողմից ստորագրված նամակները, որոնցում կոչ էր արվում նախագահին հիշատակի ամենամյա իր ուղերձում գործածել «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: Ավելին, Բուշի վարչակազմը շարունակում է հակադրվել Միացյալ Նահանգների կողմից Ցեղասպանության կոնվենցիայի կիրառման 15-րդ տարելիցին նվիրված կոնգրեսական շրջանառվող բանաձեւին այն պարզ պատճառով, որ դրանում Հոլոքոսթի եւ Կամբոջայի ու Ռուանդայի ցեղասպանությունների հետ մեկտեղ հպանցիկ հիշատակվում է նաեւ Հայոց ցեղասպանությունը: Ներկայումս Սենատի թիվ 164 բանաձեւի ընդունման օգտին հանդես են գալիս 36 սենատորներ: Նույնպիսի մեկ այլ նախաձեռնություն Ներկայացուցիչների պալատում (թիվ 193 բանաձեւ) միաձայն ընդունվել է Պալատի Իրավական հարցերով հանձնաժողովի կողմից անցյալ տարվա մայիսին եւ ներկայումս ունի 110 աջակից: Այդուհանդերձ, խորհրդարանի խոսնակ Դենիս Հասթերթը նախագահ Բուշի խորհրդատուների հրահանգով հրաժարվեց թույլ տալ այս բանաձեւի քվեարկությունը ամբողջ Պալատի կողմից: Խոսնակ Հասթերթը դրժել է նաեւ 2000 թ. իր խոստումը` կրկին քվեարկության դնել Հայոց ցեղասպանության բանաձեւը, որ նախագահ Քլինթոնի պահանջով հանվեց Պալատի օրակարգից այն ժամանակ, երբ դրա ընդունումը երաշխավորված էր: Հուսով եմ, ընտրողները հաշվի կառնեն այս հարցում խոսնակ Հասթերթի հակամարտ դիրքորոշումը, երբ վերջինս նրանց աջակցությունը կհայցի այս տարվա ընտրություններին: Հարց է առաջանում, թե ինչու է Միացյալ Նահանգների նախագահը հետեւողականորեն ամեն տարի հանդես գալիս ապրիլի 24-ի այս թերի ուղերձներով` հակադրվելով ամերիկահայ համայնքին: Հավանաբար նախագահ Բուշի խորամանկ խորհրդատուները հույս են փայփայում, թե կկարողանան այդ քաղցրացված ուղերձներով հիմարացնել բարձր քաղաքականությունից անտեղյակ մի խումբ ամերիկահայերի եւ կստանան նրանց աջակցությունը: Մյուս կողմից, նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոն Քերին ոչ մի խնդիր չունեցավ ապրիլի 24-ի իր ուղերձում օգտագործել «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: Նա ցեղասպանությունը նկարագրեց որպես Օսմանյան Կայսրության իրականացրած «էթնիկ բնաջնջման համակարգված քաղաքականություն», որի արդյունքում «սպանվեցին կամ տեղահանվեցին ավելի քան 1,5 միլիոն հայ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ»: Իր ուղերձում սենատոր Քերին շնորհակալություն է հայտնել «հայ համայնքին այդ վայրագության միջազգային ճանաչմանն ուղղված պայքարի համար: Կենդանի պահելով այդ ողբերգության հիշատակը` ամերիկահայերը բոլորիս հիշեցնում են նման սարսափները կանխելու մեր համատեղ պատասխանատվության մասին: Ես հպարտ եմ Հայոց ցեղասպանության ավելի լայն ճանաչմանն ուղղված` ամերիկահայ համայնքի հետ իմ աշխատանքի եւ 1990 թ. սենատոր Դոուլի հետ ապրիլի 24-ը այդ ողբերգության հիշատակման ազգային օր հռչակելուն ուղղված իմ աշխատանքի համար: <...> Ես միանում եմ Հայոց ցեղասպանության զոհերին սգացող ամերիկահայերին եւ ամբողջ աշխարհի հայությանը եւ կոչ եմ անում աշխարհի բոլոր կառավարություններին ու ժողովուրդներին պաշտոնապես ճանաչել այդ ողբերգությունը: Միայն անցյալից դասեր քաղելով եւ հետագա ցեղասպանությունները կանխելով մենք կարող ենք իրապես հարգանքի տուրք մատուցել այդքան անարդարացիորեն տառապած հայերի հիշատակին»: Հայերի մեծամասնությունը հասկանալի հոռետեսությամբ է վերաբերվում նման նախընտրական հայտարարություններին` ունենալով նախկինում նախագահներ Բուշի (ավագ), Քլինթոնի եւ ներկայիս նախագահ Բուշի կողմից խաբված լինելու փորձը: Որպես թեկնածուներ նրանք բոլորը խոստացել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ ընտրվելուց հետո արել են ճիշտ հակառակը` ակտիվորեն գործելով դրա ճանաչման դեմ: Բարեբախտաբար, սենատոր Քերին տարբերվում է այս երեք նախագահներից նրանով, որ մինչեւ նախագահի թեկնածու դառնալը նա բազմիցս արտահայտվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին եւ հանդես է եկել ի պաշտպանություն Սենատում համապատասխան բանաձեւերի ընդունման: Տարբեր հայկական խնդիրների լուծմանը նրա 20 տարվա աջակցությունը վստահություն է ներշնչում, որ ընտրվելու դեպքում նա կշարունակի այդ աջակցությունը: Անշուշտ, ամերիկահայ համայնքը պետք է անհրաժեշտ շփումներ հաստատի սենատոր Քերիին մոտ կանգնած շրջանակի հետ, որպեսզի կարողանա հակադրվել բոլոր նրանց, ովքեր փորձում են փոխել այս հարցի վերաբերյալ նրա շահեկան դիրքորոշումը: Հետեւաբար, Բուշի եւ Քերիի միջեւ ընտրությունը հստակ է: Նրանք, ովքեր ցանկանում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ դրժված խոստումների եւս չորս տարի, կարող են շարունակել սատարել նախագահ Բուշին: Սակայն բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, պետք է պաշտպանեն Ջոն Քերիի թեկնածությունը: Մի վերջին խոսք այն թուրքերին, ովքեր անմարդկայնորեն հրճվում են, որ նախագահ Բուշը կրկին անգամ խուսափեց գործածել «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: Միայն ամբողջովին ամոթը կորցրած ժողովուրդը կարող է ուրախությունից վեր թռչել, երբ Միացյալ Նահանգների նախագահն իրենց ազգին մեղադրում է «20-րդ դարի ամենազարհուրելի ողբերգություններից մեկը, բռնի տեղահանությունների եւ կոտորածների միջոցով ավելի քան 1,5 միլիոն հայերի բնաջնջումն» իրականացնելու մեջ: Եթե ԱՄՆ նախագահն իմ նախնիներին մեղադրեր նման լկտի հանցագործության մեջ, ես դա տոնելու տրամադրություն չէի ունենա: Փոխարենը, ես խիստ կշփոթվեի եւ կամաչեի:
Նոյյան տապան  -   Վերլուծություն