ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԾԱՂԿԵՊՍԱԿ ԴՐԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ<br /> ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ<br />


ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԾԱՂԿԵՊՍԱԿ ԴՐԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ

  • 29-04-2004 16:15:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հոդվածագիր` Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա կուրիեր» Անցյալ շաբաթ այս սյունակում մենք հրապարակեցինք Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբոթ-Ուոթի հայտարարությունը, ըստ որի նա բացակայելու էր Երեւանից ապրիլի 24-ին, երբ համայն հայությունը նշելու էր Հայոց ցեղասպանության 89-րդ տարելիցը: Մի էլեկտրոնային նամակում նա հայտնել էր, որ Հայաստան է վերադառնալու ապրիլի 26-ին: Մենք նրա բացակայությունը վերագրեցինք նրա հնարավոր փորձին` խուսափել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երեւանի Հայոց ցեղասպանության հուշարձանին ծաղկեպսակ դնելուց: Վերջին պահին, սակայն, դեսպան Էբոթ-Ուոթը փոխեց իր ծրագրերը: Նա նախատեսվածից շուտ վերադարձավ Հայաստան եւ կարողացավ ապրիլի 24-ին ծաղկեպսակ դնել Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Անկախ նրանից, թե ինչը ստիպեց նրան նախատեսվածից շուտ վերադառնալ Հայաստան, մենք ուրախ ենք, որ նա կարողացավ ժամանակ գտնել եւ ծաղկեպսակ դնել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում: Ծաղկեպսակի վրա գրված էր. «Մենք կհիշենք նրանց. Մեծ Բրիտանիայի դեսպանություն»: Ապրիլի 26-ին ուղարկած էլեկտրոնային նամակում դեսպանն իր գործողությունները պարզաբանել է հետեւյալ կերպ. «Մեծ Բրիտանիայի բոլոր դեսպաններն ընդունել են ապրիլի 24-ին Երեւանի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու` Հայաստանի կառավարության ամենամյա հրավերը: Անկախ տերմինաբանության մեջ մեր տարբերություններից, այս տխուր օրը մենք բոլորս կիսել ենք հայ ժողովրդի վիշտը եւ նախընտրել ենք երկրում լինելու դեպքում անձամբ լինել այնտեղ»: Թեեւ դեսպանը Ցեղասպանության հուշահամալիրը դեռեւս անվանում է պարզապես «հուշահամալիր», մենք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում նրա ներկայությունը դիտում ենք որպես Հայոց ցեղասպանության ճանաչման դրսեւորում: Երեւանի Ցեղասպանության հուշահամալիրում այլոց թվում մենք նկատեցինք նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի ներկայությունը: Նա բարի գտնվեց իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, չնայած նրան, որ ինչպես եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, իր կառավարությունը նույնպես հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Երկու դեսպանների այս քայլը վերահաստատում է մեր նախնական տեսակետը, որ մեր վեճն այս երկու դիվանագետների հետ չէ, որոնք իրենց կարողությունների շրջանակում լավագույնս կատարում են իրենց աշխատանքը: Ցեղասպանության հուշահամալիրում նրանց ներկայությունը վկայում է հայ ժողովրդի վշտի նկատմամբ նրանց կարեկցանքի մասին` անկախ իրենց իսկ կառավարությունների ժխտողական դիրքորոշումից:
Նոյյան տապան  -   Վերլուծություն