Ազգային ժողովը ՄԱԿ-ի կոնվենցիան լրացնող արձանագրությունը կվավերացնի` Ադրբեջանի հայտարարության դեմ առարկությամբ


Ազգային ժողովը ՄԱԿ-ի կոնվենցիան լրացնող արձանագրությունը կվավերացնի` Ադրբեջանի հայտարարության դեմ առարկությամբ

  • 15-09-2011 15:36:26   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին քննարկեց 2001թ.-ի մայիսի 31-ին Նյու-Յորքում ստորագրված «Միավորված ազգերի կազմակերպության` անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող «Հրազենի, դրա հիմնամասերի եւ բաղադրիչների, ինչպես նաեւ դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության եւ շրջանառության դեմ» արձանագրության վավերացման հարցը` կից առարկությամբ: Հայաստանն առարկում է արձանագրության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությանն ու վերապահմանը: Ադրբեջանը, մասնավորապես, հայտարարել էր, որ «ի վիճակի չի լինելու երաշխավորել սույն Արձանագրության դրույթների կատարումը Հայաստանի Հանրպետության կողմից օկուպացված իր տարածքներում, մինչեւ այդ տարածքները չազատագրվեն օկուպացիայից»:  Հայաստանը սրա դեմ հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը` հակամարտության պատճառների եւ հետեւանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` ԼՂ-ի բնակչության ազատ կամքի ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետեւանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ»: Ինչպես հայտնեց հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, 2005թ.-ի հուլիսի 3-ից ուժի մեջ մտած արձանագրության կարեւորությունը կայանում է նրանում, որ կարգավորում է հրազենի, ռազմամթերքի հետ կապված հարաբերությունները, նախատեսում է որոշակի հանցագործությունները կանխելու, նաեւ հանցագործություն կատարվելու դեպքում օգտագործված ռազմամթերքը նույնականացնելու համար անհրաժեշտ դրույթներ:  Հարակից զեկուցող, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն էլ, կարեւորելով արձանագրությունը, միաժամանակ ընդգծեց, որ ավելի կարեւորում է այն հանգամանքը, որ «մենք էլ ենք ունենում հնարավորություն առարկությունների միջոցով ամենաբարձր այդպիսի ամբիոններից մեր տեսակետները պաշտպանել եւ ադեկվատ կերպով հակազդել Ադրբեջանի հայտարարություններին եւ վերապահումներին»: Ըստ նրա, դա հատկապես անհրաժեշտ է, քանի որ Ադրբեջանը տարիներ շարունակ «օգտագործում է ամեն ատյան, ամեն հնարավորություն` իր ապատեղեկատվությունն աշխարհով մեկ տարածելու»:  
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play