Անվճար WiFi ինտերնետ՝ ԵՊՀ-ում և Ագրարային համալսարանում


Անվճար WiFi ինտերնետ՝ ԵՊՀ-ում և Ագրարային համալսարանում

  • 16-09-2011 17:15:05   |   |  Մամլո հաղորդագրություն
 Սեպտեմբերի 16-ին Երեւանի պետական համալսարանում եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Orange WiFi «անկյունի» պաշտոնական բացումը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը WiFi անվճար ինտերնետի տրամադրումը բուհերի ուսանողներին ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ յուրօրինակ նվեր համարեց։ «Orange-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի նպատակը տեխնոլոգիական զարգացումներն ուսանողներին հասանելի դարձնելն է։ Ծրագիրն անպայման շարունակվելու է. Orange-ի հետ ունենք պայմանավորվածություն, որ անվճար WiFi անկյուններ կբացվեն Երեւանի պետական եւ ոչ պետական բուհերում եւ ավագ դպրոցներում։ Բուհական համակարգում իրականացվող այս ծրագիրը կնպաստի կրթության զարգացմանն ու բարելավմանը»,- նշեց Կարեն Ավագյանը։ «Ինտերնետն արդեն մեր առօրյա կյանքի, ինչպես նաեւ ուսումնական գործընթացների անխուսափելի ու անբաժան բաղկացուցիչն է: Այն այսօր աշխարհի համալսարաններում նույնքան կարեւոր եւ պարտադիր է, ինչքան գրադարանը: Վստահ եմ, որ այս WiFi անկյունները կփոխեն ուսանողների ամենօրյա ուսումնական կյանքը, կհեշտացնեն նրանց գործը եւ ինչու ոչ, թույլ կտան նաեւ երբեմն գումար խնայել: Որպես պատասխանատու ընկերություն` մեր կարեւորագույն նպատակներից է ինտերնետը հասանելի դարձնել բոլորին»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց նման նախաձեռնությունը ոչ միայն այն պատճառով, որ էլեկտրոնային ռեսուրսները դառնում են ավելի մատչելի բուհի ուսանողների եւ աշխատակիցների համար, այլեւ սա, ըստ ռեկտորի, եռակողմ համագործակցության շատ լավ օրինակ է։ Եվս երկու բուհում՝ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում նման անկյուններ պատրաստ կլինեն արդեն հաջորդ շաբաթ: Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության մամլո հաղորդագրության, WiFi անկյունները հագեցած են Flybox մոդեմով, որին միաժամանակ կարող է միանալ մինչեւ 40 սարքավորում։ WiFi անկյունները հագեցած են սեղանով եւ աթոռներով։ Յուրաքանչյուր ուսանող կարող է անվճար միանալ WiFi անլար ինտերնետ կապին եւ ստանալ մինչեւ 7 Մբ/վ ներբեռնման արագություն։ Ինտերնետ կապը տարածվում է մինչեւ 100-150 մ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն