«Եվրանեսթ» խորհրդարանական Վեհաժողովի հայկական պատվիրակության հայտարարությունը


«Եվրանեսթ» խորհրդարանական Վեհաժողովի հայկական պատվիրակության հայտարարությունը

  • 17-09-2011 15:55:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 14-15-ին Ստրասբուրգում կայացավ նորաստեղծ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը: Նախատեսված էր ընդունել քաղաքական հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը, որը ներկայացվելու էր սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին: Սեպտեմբերի 14-ի Եվրանեսթի հանձնաժողովների նիստերը, ուր պետք է հաստատվեին հանձնաժողովների կարծիքները հիմնական զեկույցի մասին, ինչպես նաեւ հաջորդ օրվա լիագումար նիստը պարզ դարձրեցին, որ Եվրանեսթի արեւմտյան եւ արեւելյան բաղադրիչների, արեւելյան գործընկերների պատվիրակությունների, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի տարբեր քաղաքական խմբակցությունների միջեւ եղած տարաձայնությունները Եվրանեսթի գործընկերության սկզբունքների, օրակարգի եւ ապագա նպատակների շուրջ դեռեւս ամբողջությամբ հաղթահարված չեն: Հայաստանի խոհրդարանական պատվիրակությունն ամեն ջանք գործադրեց դժվարին հարցերում համախոհության եզրեր գտնելու համար: Արդյունքում երեք հանձնաժողովներից համաձայնեցված կարծիքի վերջնական քվեարկության եւ հաստատման կարողացավ հասնել միայն Սոցիալական, կրթամշակութային եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովը, որի համանախագահներին` ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանին եւ Եվրախորհրդարանի պատգամավոր Լաիմա Լուսիա Անդրիկիենեին հաջողվեց կառուցողական մթնոոլորտ ստեղծելով հասնել հաջողության: Սակայն լիագումար նիստը պարզորոշ կերպով ցույց տվեց, որ փոխզիջման քաղաքական արվեստը որոշ պատվիրակությունների համար դեռեւս անընկալելի եւ խորթ աշխատաոճ է: Լիագումարի ընթացքում որոշ արեւելյան գործընկերների կողմից փորձ արվեց շրջանցել հայկական պատվիրակության պահանջը` հիմնական զեկույցում տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնամխելիության հետ մեկտեղ ամրագրել ազգերի ինքնորոշման եւ միջազգային հարաբերություններում ուժի չկիրառման սկզբունքները: Վիճելի պարբերությունը տեքստից ընդհանրապես հանելու եվրոպական պատգամավորների առաջարկն արժանացավ ադրբեջանական եւ վրացական պատվիրակությունների այն աստիճան բուռն դիմադրության, որ հայկական պատվիրակության պատրաստակամությունըª եւս մեկ զիջման գնալ, ազգերի ինքնորոշման սկզբունքի փոխարեն հիշատակելով ազատ կամարտահայտության իրավունք, դարձավ անիմաստ: Հայաստանի համար անընդունելի բանաձեւը քվեարկության դնելուն ընդդիմանալով` մեր պատվիրակությունը հարցի հետագա քննարկումը տեղափոխեց Եվրանեսթի Բյուրո: Նշենք, որ այդ փուլում անհրաժեշտ ճկունություն ապահովող ձեւակերպումների շուրջ ընդհանուր համաձայնության հասնելու հավանականությունը բավականին մեծ էր, սակայն հայական պատվիրակության կառուցողական մոտեցումները, Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափում համագործակցային եւ փոխզիջումային մթնոլորտ ստեղծելու պատրաստակամությունը որոշ պատվիրակություններ փորձեցին չարաշահել, ինչի արդյունքում հայկական պատվիրակությունը ստիպված եղավ պահանջել կոնսեսուս: Արդյունքում զեկույցը չընդունվեց եւ կոնսեսուսը խաթարվեց ադրբեջական եւ վրացական պատվիրակությունների ոչ կառուցողական գործելաոճի պատճառով: Ափսոսանքով արձանագրում ենք, որ իրականություն դարձան ՀՀ ԱԺ պատվիրակության կանխատեսումներն առ այն, որ Եվրանեսթի որոշ պատվիրակություններ չեն կարողանալու խուսափել այդ կազմակերպությունը անպտուղ բանավեճերի բեմահարթակ դարձնելու գայթակղությունից` շեղելով Եվրանեսթը իր հիմնական նպատակից` արեւելյան գործընկերների եվրոպական ինտեգրացիայից: Այդուհանդերձ, արձանագրենք նաեւ, բոլոր նրանք, ովքեր թյուրիմացաբար կարծում էին, թե հայկական պատվիրակությանը հնարավոր է պարտադրել մեր ազգային շահերին հակասող զիջումներ, ստիպված կլինեն հետայսու վերանայել «փոխզիջում» հասկացությունը միակողմանի զիջումով նենգափոխելու իրենց միտումները: «Եվրանեսթ» խորհրդարանական Վեհաժողովի հայկական պավիրակություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն