Աբխազիայի նոր առաջնորդից զգալի փոփոխություններ չեն ակնկալում


Աբխազիայի նոր առաջնորդից զգալի փոփոխություններ չեն ակնկալում

  • 20-09-2011 16:10:48   | Հայաստան  |  Վերլուծություն
Աբխազիայի նոր նախագահ Ալեքսանդր Անկվաբը, հավանաբար, կշարունակի իր նախորդի վարած քաղաքականությունը, չնայած մտահոգություններ են հնչում, որ այն կարող է ավտորիտար երանգավորում ստանալ: Վրաստանից անջատված եւ անկախություն հռչակած Աբխազիայում երրորդ անգամ նախագահ ընտրեցին, որից հետո վերլուծաբանները հայտարարեցին, որ քաղաքական ասպարեզում նոր փոփոխություններ չեն ակնկալում, չնայած նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբի` կոռուպցիայի դեմ պայքար սկսելու վերաբերյալ խոստումներին: Մայիսի վերջին նախագահ Սերգեյ Բագապշի հանկարծամահ լինելուց հետո, Աբխազիայում նախագահական ընտրությունները տեղի ունեցան օգոստոսի 26-ին: Անկվաբը, որը Բագապշի նախագահության օրոք զբաղեցնում էր Աբխազիայի փոխնախագահի պաշտոնը, հաղթեց ընտրություններում` ստանալով ընտրողների ձայների 55 տոկոսը, իսկ ձայների 21 տոկոսը ստացած նախկին վարչապետ Սերգեյ Շամբան զբաղեցրեց երկրորդ տեղը: Քվեարկողների ձայների 20 տոկոսից էլ պակասը ստացած Ռաուլ Խաջիմբան, ով երրորդ տեղը զբաղեցրեց ընտրությունների արդյունքներով, հայտարարեց, որ դրանք կեղծ են եղել: Այնուամենայնիվ, այս հայտարարություններից հետո 2004-ի նախագահական ընտրությունների ժամանակ Խաջիմբայի պարտությանը հետեւած բողոքի ցույցերը չկրկնվեցին: «Բարեբախտաբար, ընտրություններից հետո լարված իրավիճակ կամ վեճեր չեն առաջացել: Անկվաբի հաղթանակը տպավորիչ էր, նշանակալի խախտումներ չեն արձանագրվել, հետեւաբար, անիմաստ կլիներ վիճարկել արդյունքները», - նշում է քաղաքագետ, Աբխազիայի պետական համալսարանի դասախոս Իրակլի Խինտբան: Անկվաբը Աբխազայի քաղաքական ասպարեզի հայտնի վետերաններից է, եւ փորձագետները կարծում են, որ նրա հաղթանակը նախագահական ընտրություններին, որոնց մասնակցել է քվեարկողների շուրջ 72 տոկոսը, հանդիսանում է ընտրողների վստահության քվեն` նախկին նախագահ Բագապշի քաղաքականությունը շարունակելու նրա խոստումներին: Քանի որ Անկվաբը խիստ առաջնորդի համբավ ունի, որոշ վերլուծաբաններ մտահոգվում են, որ սա կարող է ոչնչացնել տեղի ունեցած երեք համեմատաբար ազատ ընտրությունների ժամանակ ձեռքբերված ժողովրդավարական նվաճումները: Անկվաբը զբաղեցրել է Աբխազիայի վարչապետի պաշտոնը 2005-2010 թվականներին, եւ այս ընթացքում կառավարական շենքեր կարող էին մուտք գործել միայն պետական լրատվամիջոցների լրագրողները: «Աբխազիայում բռնատիրական կարգեր չեն լինի, ես պետք է ընդգծեմ դա: Սակայն աբխազական հասարակությանը թույլ, անսկզբունքային առաջնորդներ պետք չեն», - հայտարարել էր Անկվաբը նախագահական ընտրությունների հաջորդ օրը կայացած իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ: Աբխազիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր են ճանաչվել Վրաստանի եւ նրա արեւմտյան դաշնակիցների կողմից, որոնցից ոչ մեկը չի ճանաչում Աբխազիայի անկախությունը: Վրաստանն Աբխազիան ,ռուսական օկուպացիայիե ենթարկված շրջան է համարում, եւ Վաշինգտոնը համաձայն է այս բնորոշման հետ: Իսկ Մոսկվան, որն առաջինը ճանաչեց Աբխազիայի անկախությունը 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո, իր հերթին, ողջունել է կայացած ընտրությունները: Մաքսիմ Գունջիան, որը կշարունակի զբաղեցնել արտաքին գործերի նախագահի պաշտոնը Անկվաբի նախագահության օրոք, խոստացել է շարունակել ջանքեր գործադրել, որպեսզի Աբխազիայի անկախությունը ճանաչվի այլ երկրների կողմից: Ռուսաստանից բացի, Աբխազիան առ այսօր ճանաչվել է Նիկարագուայի, Վենեսուելայի, ինչպես նաեւ Նաուրու եւ Վանուատու խաղաղօվկիանոսյան երկրների կողմից: Այն հարցին, թե արդյոք այս երկրների ցանկը շուտով կընդլայնվի, Գունջիան խուսափողական պատասխան տվեց. «Եթե այժմ նշեմ [երկրները], եւ իմ խոսքերը հրապարակվեն, ապա հաջորդ օրը Պետդեպարտամենտը կամ Եվրոպական Միության ինստիտուտները կսկսեն ճնշում գործադրել այդ երկրների վրա, որպեսզի նրանք չճանաչեն Աբխազիան»: Հակառակ դեպքում, նրա խոսքերով, «արտաքին քաղաքականության մեջ նշանակալի փոփոխություններ չեն լինի: Ինչպես միշտ, մեր ջանքերը կենտրոնանում են այլ երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպական Միության հետ ավելի շատ քաղաքական եւ տնտեսական կապերի հաստատման վրա»: Անկվաբի նախընտրական քարոզարշավը զուսպ էր, բայց նա խոստացել էր պայքարել կոռուպցիայի դեմ, ինչը շատերի կարծիքով ավելի լայնատարած է դարձել` կապված լինելով Ռուսաստանի կողմից Աբխազիան ճանաչելուց հետո աջակցության նպատակով տրամադրվող դրամական միջոցների ներհոսքի հետ: Աբխազիայում հարգանք վայելող լրագրող Իբրագիմ Չկադուան իր հերթին կասկածում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը լուրջ հեռանկարներ ունի, համենայնդեպս կարճաժամկետ կտրվածքով: Նախ եւ առաջ, պատշաճ մակարդակով վճռական, նվիրված պաշտոնյաներին նշանակելը ժամանակ կպահանջի, իսկ ժամանակը քիչ է, քանի որ գալիք տարի կկայանան խորհրդարանական ընտրությունները: «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դժվար եւ վտանգավոր կլինի կոսմետիկ փոփոխություններից ավելին նախաձեռնելը կամ նրա [Անկվաբի] նախկին դաշնակիցներից հրաժարվելը: Կարծում եմ` պարզապես կոռումպացված ամենահայտնի պաշտոնյաների փոքրիկ զտում տեղի կունենա, սակայն վերջին տարիներին ձեւավորված համակարգը քայքայելու ոչ միջոցներ կան, ոչ էլ վճռականություն», - կարծիք է հայտնել Չկադուան: Նախագահի մեկ այլ թեկնածուի` Շամբայի պարտությունից հետո, վերջինս հայտարարեց, որ պատրաստվում է լքել քաղաքական դաշտը: Սակայն ,Հանուն արդար ընտրություններիե հասարակական կազմակերպության նախագահ Ալխաս Տխագուշեւը կասկածի տակ է դնում այն, որ վարչապետը կամ նրա քարոզարշավը մշակած երիտասարդ ակտիվիստները կկարողանան երկար ժամանակով դուրս մնալ հասարակական կյանքից: «Մտահոգություններ են հնչում, որ Անկվաբը կարող է ավելի խիստ ավտորիտար կարգեր հաստատել, եւ այս ամենին հակազդելու համար հակակշիռ է պետք: Խաջիմբան լավ քարոզարշավ էր մշակել, որը շատ առավելություններ ուներ: Եթե Խաջիմբան եւ Շամբան մեկ թիմ կազմեն, ապա այն լուրջ ընդդիմություն կդառնա: Սա միայն դրականորեն կանդրադառնա հասարակության եւ կառավարության վրա», - ասում է Տխագուշեւը: Ինչ վերաբերում է Վրաստանին ամենից շատ հուզող հարցին, այն է` արդյոք նոր նախագահը, ի տարբերություն Բագապշի, առավել հակված կլինի ենթարկվել Թբիլիսիին, ապա համընդհանուր կարծիքը մեկն է` նորընտիր նախագահն այդպես չի անի: «Մեր արտաքին քաղաքականության մեջ Վրաստանի վրա ցանկացած շեշտադրում հերքող պաշտոնական հայտարարություն է եղել, եւ այստեղ մեղավորը մեծ սմասամբ Վրաստանն է, քանի որ այն ընտրել է Աբխազիան մեկուսացնելու քաղաքականությունը: Չեմ կարծում, որ այս ոլորտում նշանակալի փոփոխություններ կլինեն, հատկապես այն պատճառով, որ թեկնածուներից ոչ ոք այս ուղղությամբ նոր գաղափարներ չի ներկայացնել», - կարծիք է հայտնել Խինտբան: Անահիտ Գոգորյան, «Չեգեմսկայա պրավդա» թերթի թղթակից Աբխազիայում Հոդվածն արտատվպում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play