ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսայի կողմից՝ ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ընդունելությանը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսայի կողմից՝ ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ընդունելությանը

  • 27-09-2011 15:50:38   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
 Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսայի կողմից՝ ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ընդունելությանը: Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ ընդգծել, որ ԱՄՆ-ում իր այցի օրերին մեծ հպարտություն է ապրել՝ ներկայացնելով հայ ժողովրդին: Նշելով, որ այժմ գտնվում է մի քաղաքում, որտեղ Հայաստանից դուրս ապրում է հայերի ամենահոծ հատվածը, Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լոս Անջելեսի տեղական իշխանություններին, քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսային եւ հայ ժողովրդի բոլոր բարեկամներին՝ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերվող ջերմ եւ բարյացակամ վերաբերմունքի համար: «Հարյուր հազարավոր իմ հայրենակիցներ հնարավորություն են ստացել ազատ ապրելու, զարգանալու, իրենց բարեկեցությունը ապահովելու եւ, բնականաբար, իրենց լուման ունենալու եւ՛ քաղաքի, եւ՛ Միացյալ Նահանգների հաջողությունների մեջ: Մենք շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին այդպիսի վերաբերմունքի համար: Մեր բարեկամությունը հավերժ է, եւ ես շատ ուրախ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիների ընթացքում բավականաչափ ամրապնդվել են: Գիտե՞ք, շատ տարօրինակ մի բան կա՝ մենք ունենք հազարամյակների պատմություն, բայց նշում ենք մեր անկախության 20-ամյակը: Մենք երիտասարդ ժողովրդավարության երկիր ենք, բայց 1700 տարի ղեկավարվել ենք այդ գաղափարներով: Այսօր էլ բարեկամների աջակցությունը եւ մեր ներուժն օգնում են առաջընթաց ապահովելու մեր երկրում»,-ասել է ՀՀ նախագահը: Ավարտելով աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ՝ Նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն