ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում գրանցվել է «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը»


ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում գրանցվել է «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը»

  • 29-09-2011 14:14:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ եւ Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է աշխարհահռչակ աստղագետ «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը»: Այսպիսով, «Աշխարհի հիշողություն» ծրագիրը համալրվել է հայկական երկրորդ փաստագրական ժառանգությունով. 1997 թվականից Հայաստանը ներկայացված էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանով: Ներկայումս «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրն ընդգրկում է 239 անվանում մոտ 100 երկրից, որոնց շարքում են Եվրոպայի ժողովրդների ծագումը նկարագրող 13-րդ դարի Ռադզիվիլների ժամանակագրությունը, 18րդ դարի չինական կայսերական արխիվները, Ազգերի Լիգայի 1919-1946թթ. արխիվները, կոմպոզիտորներ Բեթհովենի, Բրամսի, Շոպենի ստեղծագործությունները, Նիկոլայ Կոպեռնիկոսի աշխատությունները եւ այլն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրության» հայտը համատեղ պատրաստվել է Բյուրականի աստղադիտարանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան է ներկայացվել 2010թ: Տեղեկանք: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին` աշխարհում գոյություն ունեցող արխիվների եւ գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյություն ունի «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստր: Այդ Ռեգիստրն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա-հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները եւ արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում եւ պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն