ՀՀ իշխանություններին կոչ է արվում ստեղծել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերի վերանայման նախադեպի ինստիտուտ


ՀՀ իշխանություններին կոչ է արվում ստեղծել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերի վերանայման նախադեպի ինստիտուտ

  • 03-06-2011 19:17:21   | Հայաստան  |  Իրավունք
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կազմակերպած <Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրները Հայաստանում> թեմայով քննարկման ժամանակ քաղաքացիական հասարակության շուրջ 30 ներկայացուցչների կողմից ստորագրվեց ՀՀ իշխանությանն ուղղված հայտարարություն, որում ասված է. «Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգն արդեն 19 տարի բարեփոխումների է ենթարկվում: Սակայն նույն այդ բարեփոխումների համատեքստում անկախ Հայաստանի դատական <կենսագրության> մեջ չկա ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերի վերանայման նախադեպ: Դատական սխալների հավանականությունն ընդունում են աշխարհի շատ զարգացած երկրներում, որտեղ անընդմեջ կատարելագործվում են դատական ու արդարադատության համակարգերը. տասնյակ տարիներ վերաբացվում են ցմահ ազատազրկման դատապարտված եւ երկարաժամկետ ազատազրկման մեջ գտնվող անձանց քրեական գործեր: Արդյունքում` քիչ չեն արդարացմամբ եւ պատժի նվազեցմամբ հանգուցալուծված դեպքերը: Այսպես` միայն վերջին տասը տարում ԱՄՆ-ում ԴՆԹ թեսթի, ինչպես նաեւ գործերի վերաբացման արդյունքում ազատություն է ստացել 260 դատապարտյալ, որոնցից 170-ը դատապարտված է եղել մահապատժի: Քիչ չեն դեպքերը, երբ 20 տարի անազատության մեջ գտնվող անձը, ով դատապարտվել էր վկաների ցուցմունքների հիման վրա, գործի վերաբացմամբ ճանաչվել է բացառապես անմեղ: Աշխարհի շատ երկրներում, երբ վերացվեց մահապատիժը, հիմնավորում-նպատակն այն էր, որ երկարաժամկետ ու ցմահ ազատազրկման դեպքում հնարավորություն է ընձեռնվում վերանայելու դատապարտյալների գործերը: Սակայն Հայաստանում, թեեւ վերացվեց մահապատիժը եւ այն փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ, սակայն գործերի վերանայման ինստիտուտ այդպես էլ չստեղծվեց: Հայաստանում կա 99 ցմահ ազատազրկման դատապարտված անձ, որոնցից 42-ը նախկինում մահապատժի դատապարտված անձինք են: Բնականաբար, այս գործերը քննվել են 1991- 2003 թթ.-ը` նորանկախ Հայաստանի գոյության առաջին տասնամյակում: Ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ դատաիրավական համակարգն անկատար էր, եւ այդ շրջանում խուսափել դատական բացերից ու սխալներից` գործնականում խիստ անհավանական: Սակայն այսօր էլ մեզանում որպես գործիք չի կիրառվում ո՛չ ԴՆԹ թեսթը, ո՛չ գործերի վերաբացման այլ տարբերակ: Մենք` <Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրները Հայաստանում> կլոր սեղանի մասնակիցներս, կոչ ենք անում ՀՀ իշխանությանը ստեղծել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերի վերանայման նախադեպի ինստիտուտ, դրանով իսկ նպաստել արդեն քսան տարի գոյություն ունեցող այս Գորդյան հանգույցի լուծմանը»:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play