Տիգրան Սարգսյանն ու Փաթրիք Ֆայնը քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շարունակության հեռանկարները


Տիգրան Սարգսյանն ու Փաթրիք Ֆայնը քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շարունակության հեռանկարները

  • 04-10-2011 15:13:20   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահ Փաթրիք Ֆայնին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն: Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել 2006թ.-ի սեպտեմբերից մեկնարկած «ՀՄՀ-Հայաստան» 5-ամյա ծրագրի ընթացքը եւ արդյունքները: «Այս ծրագրին առնչվել են հարյուր հազարավոր մարդիկ` շահառուներ, շինարարներ, կազմակերպիչներ, վարկատուներ, վարկառուներ, դասախոսներ: Այս ընթացքում մենք հանդիպել ենք շահառուների այս բոլոր խմբերին, եւ բոլորի կողմից տեսել ենք դրական վերաբերմունք ծրագրի նկատմամբ: Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել ԱՄՆ մեր գործընկերներին այս օժանդակության համար: Մենք բարձր ենք գնահատում դա եւ լի ենք համագործակցությունը շարունակելու վճռականությամբ, կանենք ամեն ինչ, որ Հայաստանի Հանրապետության չափանիշները համապատասխանեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի չափանիշներին»,- ասել է վարչապետը: Նա, մասնավորապես, գոհունակությամբ է խոսել ծրագրի շրջանակում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ու հզորացման, գյուղատնտեսության զարգացման եւ ֆերմերների վերապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին եւ կարեւորել ծրագրի դերը նոր մտածողության ձեւավորման գործում: Իր հերթին Փաթրիք Ֆայնը շնորհակալություն է հայտնել վարչապետին ՀՀ կառավարության կողմից կատարված լավ աշխատանքի համար եւ փոխանցել «ՀՄՀ-Հայաստան» 5-ամյա ծրագրի արդյունքների վերաբերյալ թվային ու բովանդակային տվյալներ պարունակող ձեռնարկ (հայերեն եւ անգլերեն): Նա ընդգծել է, որ ձեռնարկը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի պորտֆելի 25 երկրների շարքում ծրագրի արդյունքները ներկայացնող լավագույն օրինակն է, ինչը վկայում է Հայաստանում աշխատած թիմի կարողությունների մասին: Զրուցակիցները քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շարունակականության հեռանկարները: Այդ համատեքստում ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահը նշել է, որ ծրագրի շարունակության կարեւոր գործոններ են առաջին ծրագրի արդյունքները եւ երկրի համապատասխանությունը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից միջազգայնորեն ընդունված ցուցանիշներին, ինչպիսիք են տնտեսական ազատությունները, արդարացի կառավարումը, ժողովրդի համար կատարվող ներդրումները եւ կոռուպցիայի վերահսկումը: Քննարկվող հարցի առնչությամբ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության գերակայությունները: Նա ընդգծել է, որ Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման եւ ժողովրդավարական արժեքների ներդրման կարեւոր գործոնը միջին խավի ձեւավորումն է եւ այդ գործում կարեւորել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի նշանակությունը: Շահառու ֆերմերները, կառավարության ղեկավարի դիտարկմամբ, գոհ են ծրագրի ընթացքից, որքանով այն նրանց հնարավորություն է ընձեռել ճանաչել իրենց իրավունքներն ու հնարավորությունները, ինչպես նաեւ ավելացնել սեփական եկամուտները: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին` վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թ. հունվարի 1-ից կգործի նոր օրենք, համաձայն որի` 500 պաշտոնատար անձինք պետք է հրապարակային հայտարարագրեր ներկայացնեն գույքի, եկամուտների եւ իրենց փոխկապակցված անձանց մասին: Նա նաեւ կարեւորել է պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ձեւավորումը, որը պետք է ստուգման առարկա դարձնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի վերաբերյալ տեղեկությունները։ Ըստ Տիգրան Սարգսյանի` հասարակության նման վերահսկողությունը կնպաստի պաշտոնատար անձանց գործունեության հրապարակայնությանն ու թափանցիկությանը, արդյունքում` կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձաբար շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար եւ բարձր գնահատել ծրագրի իրականացման գործում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի, պետական գերատեսչությունների, ինչպես նաեւ ՀՄԿ հայաստանյան գրասենյակի թիմի աշխատանքը: Տեղեկանք. Հնգամյա ծրագրի շրջանակում (2006 թ. սեպտեմբեր – 2011 թ. սեպտեմբեր) «ՀՄՀ-Հայաստանը» նպաստել է Հայաստանի շուրջ 350 համայնքներում բնակվող ավելի քան 420 հազար գյուղաբնակ շահառուների կենսամակարդակի բարելավմանը` վերականգնելով ոռոգման մայր ջրանցքների վնասված հատվածներ, մի շարք պոմպակայաններ, կառուցելով ոռոգման ինքնահոս համակարգեր եւ երրորդ կարգի ջրանցքներ, վերականգնելով Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի որոշ հատվածներ: Վերապատրաստվել է շուրջ 45 հազար ֆերմեր, տեխնիկական աջակցություն է տրամադրվել ջուր մատակարարող կառույցներին: Ընդհանուր առմամբ «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» կողմից Հայաստանի ոռոգման եւ գյուղատնտեսության բնագավառներում կատարվել է շուրջ 177 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play