Վանաձոր-Բագրատաշեն հատվածում սողանքի հետեւանքով հավանական անհայտ կորածները հինգն են


Վանաձոր-Բագրատաշեն հատվածում սողանքի հետեւանքով հավանական անհայտ կորածները հինգն են

  • 04-10-2011 15:48:11   | Հայաստան  |  Հասարակություն
Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ տեղի ունեցած սողանքի հետեւանքով 5 հավանական անհայտ կորածների թիվը հոկտեմբերի 4-ի ժամը 08.20-ի դրությամբ մնում է անփոփոխ: Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, հավանական անհայտ կորածներից 2-ը Երեւանի բնակիչ են, մեկը` Լճկաձոր գյուղից, երկուսը` Վրաստանի քաղաքացի: Բանակցություններ են ընթանում հողազանգվածի տակ հայտնված մեքենաները «Հարավկովկասյան երկաթուղու» կռունկների եւ ՀՀ Պաշտպանության նախարարության ուղղաթիռների օգնությամբ դուրս բերելու վերաբերյալ: Ելնելով եղանակային պայմաններից եւ սողանքային գոտու շարունակվող ակտիվությունից` փրկարարներն ու կամավորներն աշխատել են բացառապես բահերի եւ այլ փրկարարական գործիքների օգնությամբ: Նշենք, որ նախորդ երեկոյան Տավուշի մարզ է այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը`սողանքի հետեւանքով առաջացած իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Իսկ վաղ առավոտից դեպքի վայրում է եղել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ով ղեկավարել է որոնողա-փրկարարական աշխատանքները: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Տեղում պարզվել է, որ փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 մեքենա: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Միջոցներ են ձեռնարկվել սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղեւորներին օգնություն ցուցաբերելու համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն