Սողանքի գոտուց դուրս է բերվել ևս երկու մարդատար ավտոմեքենա


Սողանքի գոտուց դուրս է բերվել ևս երկու մարդատար ավտոմեքենա

  • 04-10-2011 18:35:57   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Պաշտպանության նախարարությանը պատկանող ՄԻ-8 ուղղաթիռի օգնությամբ սողանքի գոտուց հաջողությամբ դուրս է բերվել եւս երկու մարդատար ավտոմեքենա` «ՎԱԶ 2106» եւ «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշների: Ավելի վաղ դուրս էր բերվել «Շեւրոլե» մակնիշի ավտոմեքենան եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Շուտով նախատեսվում է որոնողա-փրկարարական աշխատանքներում ներգրավել նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջոցները: Անցած երկու գիշերվա ընթացքում երկաթուղու ուժերով ապահովվել է սողանքի գոտու լուսավորությունը, ինչը զգալիորեն օգնել է որոնողական աշխատանքներին: Ներկայումս նորոգվում է սողանքային գոտու հարեւանությամբ գտնվող կամուրջը: Դրա վրայով դեպքի վայրին կարող է մոտենալ նաեւ երկաթուղային կռունկը, որը նույնպես պիտի օգտագործվի հողազանգվածի տակ մնացած ավտոմեքենաները դուրս բերելու համար: Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում իրականացվող փրկարարական աշխատանքներում Լոռվա եւ Տավուշի մարզի փրկարարներից բացի ներգրավված են նաեւ Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզի փրկարարները, ինչպես նաեւ Ախթալայի լեռնափրակարարական ջոկատից 5 լեռնափրկարար: Ընդհանուր առմամբ` սողանքի գոտում աշխատում է 65 փրկարար: Դեպքի վայրում է գտնվում նաեւ ԱԻՆ կապի շարժական լաբորատորիան, տեղում հերթապահում է շտապօգնության մեկ բրիգադ, հասարակական կարգի պահպանությանը հետեւում է ճանապարհային ոստիկանության 2 մեքենա եւ 15 ոստիկան: Որոնողա-փրկարարական աշխատանքներում ներգրավված է նաեւ Այրումի երկաթգծի կայարանի անձնակազմից 15 մարդ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Տեղում պարզվել է, որ փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 մեքենա: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Միջոցներ են ձեռնարկվել սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղեւորներին օգնություն ցուցաբերելու համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն