Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս. «Մեր ժողովուրդն առանձնահատուկ երախտագիտության զգացում ունի հանդեպ Ֆրանսիան»


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս. «Մեր ժողովուրդն առանձնահատուկ երախտագիտության զգացում ունի հանդեպ Ֆրանսիան»

  • 06-10-2011 20:16:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախագահների այցը համայն հայության հոգեւոր կենտրոն, գոհունակություն հայտնեց երկու դարավոր բարեկամ երկրների ու ժողովուրդների միջեւ ամենաբարձր մակարդակի վրա ձեւավորված հարաբերությունների համար, որոնք առավել զարգանում, ջերմանում եւ համագործակցության նոր ընդգրկում են ձեռք բերում: Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական կապերին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի ժողովրդի եղբայրական սերն ու ջերմությունը, ինչի ականատեսն է եղել Ֆրանսիա կատարած հովվապետական այցերի ընթացքում: «Ձեր այցը Հայաստան մեր երկիր ուրախությամբ է համակել ինչպես մեր, այնպես եւ մեր ողջ ժողովրդի հոգին: Մեր ժողովուրդը քաջագիտակ է եւ հաղորդ, որ իր կյանքի դժվարին ժամանակներում Ֆրանսիայի ժողովուրդն իր մարդասեր ու արդարասեր էությամբ մշտապես աջակից է եղել իրեն», - նշեց Նորին Սրբությունը` երախտագիտություն հայտնելով հայ ժողովրդին եւ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար: Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի հաղորդագրության, Հայոց Հայրապետն օրհնությամբ եւ գնահատանքով ընդգծեց նաեւ Ֆրանսիայի իշխանությունների հոգատար վերաբերմունքը ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ, ովքեր, վերապրելով Հայոց ցեղասպանությունը, քրիստոնեական լավատեսությամբ եւ հույսով կարողացան իրենց հոգեւոր-ազգային կյանքը կազմակերպել Ֆրանսիայի մեջ եւ այսօր, որպես արժանավոր քաղաքացիներ, իրենց կարեւոր ծառայությունն են բերում Ֆրանսիայի առաջընթացին եւ բարօրությանը: «Մեր ժողովուրդն առանձնահատուկ երախտագիտության զգացում ունի հանդեպ Ֆրանսիան եւ իր ժողովուրդը նաեւ այն զորակցության համար, որ ցուցաբերվում է Ցեղասպանության ահավոր ոճրի ճանաչման եւ դատապարտման գործին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ մեր Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքի պաշտպանությանը», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի նախագահի կողմից այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի համար: «Մեծ պատիվ է Հայաստանում գտնվել` վկայելու մեր երկու երկրների բարեկամությունը», - իր հերթին ասաց Ֆրանսիայի նախագահը` ուրախություն հայտնելով հանդիպման առիթով: Ընդգծելով Հայ Եկեղեցու եւ նրա հովվապետերի դերը հայ ազգի ինքնության ու միասնության պահպանման գործում` պրն. Նիկոլա Սարկոզին իր հարգանքը հայտնեց Հայ Եկեղեցուն եւ Ամենայն Հայոց Հայրապետին եւ հաջողություններ մաղթեց կարեւոր այդ առաքելության իրագործման մեջ: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքները բերեց Ֆրանսիայի նախագահին եւ հայցեց, որ Բարձրյալ Տերն Իր օրհնության ներքո խաղաղության եւ բարօրության մեջ պահի ու պահպանի երկու ժողովուրդներին եւ երկրներին: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Սուրբ Էջմիածնի միաբաններ: Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեցին Մայր Տաճար, եղան Տաճարի թանգարանում, ուր նրանց ներկայացվեցին Հայ Եկեղեցու եւ հայ ժողովրդի նվիրական սրբությունները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն