Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական եռամսյակային նիստը


Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական եռամսյակային նիստը

  • 10-10-2011 14:08:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը նոր թափ է ստանում: Հոկտեմբերի 10-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական եռամսյակային նիստը: Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «Անցած երրորդ եռամսյակի ընթացքում ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղի են ունեցել բավականին լուրջ իրադարձություններ: Նախ եւ առաջ տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովը Ղազախստանում: Տեղի ունեցավ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի, արտաքին գործեի նախարարների կոմիտեի եւ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստերը, որտեղ ընդունվեցին կարեւոր որոշումներ, որոնցից կցանկանայի առանձնացնել մի քանիսը: Առաջին` նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում որոշում է ընդունվել ՀԱՊԿ կանոնադրության մեջ կատարել փոփոխություններ, եւ այսուհետեւ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելոռուսի եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների միջեւ ռազմական եւ քաղաքական համագործակցությունը էլ ավելի է սերտանալու այս կանոնադրական փոփոխությունների արդյունքում, որոնց շուրջ ձեռք է բերվել քաղաքական համաձայնություն: Երկրորդ` այսօր մենք արդեն կարող ենք արձանագրել, որ ՀԱՊԿ շրջանակներում կստեղծվի շուրջ քսան հազար հոգանոց օպերատիվ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ, որոնք կարող են օգտագործվել ՀԱՊԿ անդամ երկրներին սպառնացող վտանգների դեպքում: Երրորդ կարեւոր իրադարձությունն այն է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշում է կայացվել ստեղծել խաղաղապահ ուժեր: Մենք այսօր կարող ենք ասել, որ մոտ երեք հազար հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումներ կստեղծվեն ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչը նույնպես կարեւոր նշանակություն ունի: Դրական ենք համարում նաեւ ռազմատեխնիկական համագործակցության խորացումը ՀԱՊԿ անդամ երկրների շրջանակներում, եւ մեր ռազմաքաղաքական դաշինքը կարծես ավելի միս ու արյուն է ստանում այս ընդունված որոշումների արդյունքում”: Ըստ ԱԱԽ մամլո հաղորդագրության, նիստի ընթացքում ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների կողմից ՀԱՊԿ շրջանակներում 2011թ. 3-րդ եռամսյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանը եւ ՀՀ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն