Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը լրագրողներին


Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը լրագրողներին

  • 10-10-2011 15:53:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը լրագրողներին. «Հարգելի լրագրող, Զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով ես այս շաբաթ կդիմեմ ՀՀ Սահմանադրական դատարան: Զբաղվելով մասնավոր փաստաբանական գործունեությամբ եւ տարիներ շարունակ դասավանդելով տեղեկատվական իրավունք՝ 2009 թվականի մարտին առաջարկեցի օրենսդրական փոփոխության մի գաղափար, որի էությունն էր ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը եւ քաղաքացիաիրավական պատասխանատվություն սահմանել այդ արարքների համար: Իրականում, իմ առաջարկը գրեթե բառացի կրկնությունն էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007 թվականին ընդունված 1577 բանաձեւի: Իմ առաջարկից մեկ տարի չորս ամիս անց մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ ընդունվեց օրենք, որն էականորեն (միգուցե դրականորեն) տարբերվում էր իմ նախագծից: Խոնարհաբար ընդունելով իմ համոզմունքների ազատ արտահայտման համար լրագրողական համայնքում առկա քննադատությունն ու բացասական վերաբերմունքը` չեմ կարող հրաժարվել հետեւյալներից. -Խոսքի ազատությունը շատ կարեւոր արժեք է, եւ նույնքան կարեւոր է անձի (նույնիսկ Ձեր չսիրած անձի) արժանապատվությունը եւ մասնավոր կյանքը: -Ներկայիս օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ լավ կիրառման դեպքում կարող է արդյունավետ երաշխավորել եւ խոսքի ազատության, եւ անձի արժանապատվության իրավունքը: -Քաղաքացիական հայցերի ներկայիս քանակն ինքնին չէր վտանգի խոսքի ազատությունը, եթե այդ ազատությունը որոշ գործերով չվտանգեր ներկայիս օրենսդրությունն ապօրինի եւ անարդար կիրառող դատավորը (այսուհետ՝ անօրեն դատավոր): Օրենքի ներկայիս կիրառումից առաջացած դժգոհությունները վկայում են, որ ինչպես այլ, այնպես էլ խոսքի ազատության ոլորտում անօրեն դատավորը վարկաբեկում է լավ օրենքը եւ ՀՀ օրենսդրությունը, վարկաբեկում է լավ դատավորին եւ ողջ դատական համակարգը, վարկաբեկում է մեր իշխանության բոլոր թեւերին ու պետությանը: Անօրեն դատավորի գործոնի վերացումը իմ, լրագրողի, արդար դատավորի եւ մարդու իրավունքներով մտահոգ ամեն անհատի գործն է: Հետեւաբար, խոսքի ազատության պաշտպանության համար այսօր իրականում անհրաժեշտ է հանրային գործուն վերահսկողություն օրենքի կիրառման եւ արդարադատության իրականացման նկատմամբ: Այս համոզմամբ էր գրվել իմ ապրիլյան ուղերձը դատավորներին: Այս նպատակով էր մայիսին իմ կողմից հիմնվել Տեղեկատվական վեճերի խորհուրդը: Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ իմ համոզմունքներն ու մոտեցումները կարող են ընկալվել որպես օրենսդրական փոփոխության գաղափարն առաջարկողի կանխակալություն, ինչպես նաեւ հասկանալով այն պնդումը, որ օրենքի ներկայիս կիրառումը դատարանների կողմից պայմանավորված է օրենքի ոչ միանշանակ կարգավորումներով՝ որոշել եմ մեր այս մտահոգությունները փոխանցել ՀՀ Սահմանադրական դատարանի քննությանը: Ձեր գործի հանդեպ խորին եւ անկեղծ հարգանքով, Կարեն Անդրեասյան. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն