Կայացավ Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախմբի համերգը` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին


Կայացավ Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախմբի համերգը` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին

  • 12-10-2011 12:45:18   | Հայաստան  |  Մշակույթ
 Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախմբի համերգը` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին: Ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ ակադեմիական կապելլայի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ երաժշտական ընկերության նախագահ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, արվեստի գործիչներ, սփյուռքահայեր եւ այլք: Ջերմորեն ողջունելով Հայրենիքում առաջին անգամ համերգովներով հանդես եկող Սահակ-Մեսրոպ երգչախմբին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց երգչախմբի դերը Սփյուռքում հայ ինքնության, հայկական ազգային մշակույթի եւ ավանդույթների պահպանման գործում: ՀՀ սփյուռքի նախարարը Մարսելի Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու երգչախմբի հիմնադիր ղեկավար Խաչիկ Յիլմազյանին հանձնեց ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահի կողմից շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը: Ֆրանսիայի հայ համայնքում հայանպաստ ակտիվ գործունեւթյուն ծավալելու, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը եւ ամրապնդմանը նպաստելու համար Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախմբի վաչության խորհրդի ատենապետ Ռոբերտ Ազիլազյանը պարգեւատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով: 1980թ. հիմնադրված Մարսելի Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու երգչախումբը մեծ ճանաչում ունի Ֆրանսիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Կանադայում: Հայապահպանության, ինչպես նաեւ Ֆրանսիայում հայ արվեստի եւ մշակույթի պահպանման եւ տարածման գործում ունեցած մեծ ներդրման համար Խաչիկ Յիլմազյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի կողմից պարգեւատրվել է Ս. Սահակ-Մեսրոպ շքանշանով: Հաշվի առնելով Խաչիկ Յիլմազյանի` Սփյուռքում կատարած հայրենանվեր գործունեությունը եւ հայ մշակույթի պահպանման եւ տարածման գործում ունեցած մեծ վաստակը` Խաչիկ Յիլմազյանը պարգեւատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով: Հանդիսատեսի ջերմ ծափողջույններով ուղեկցվող համերգի ավարտին երգչախմբի հիմնադիր ղեկավար Խաչիկ Յիլմազյանը հուզմունքով նշեց, որ թեեւ բազմիցս այցելել է Հայաստան, սակայն ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանի աջակցությամբ այսօր իրականացավ իր երազանքներից մեկը` Սահակ-Մեսրոպ երգչախմբի ողջ կազմով համերգներով հանդես գալ Հայրենիքում: Հոկտեմբերի 13-ին Սահակ-Մեսրոպ երգչախումբը համերգով հանդես կգա նաեւ Գյումրիում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play