Սերժ Սարգսյան. «Երբ մեր ջանքերը համատեղվում են, ապա արդյունքները շատ ավելի տեսանելի են լինում»


Սերժ Սարգսյան. «Երբ մեր ջանքերը համատեղվում են, ապա արդյունքները շատ ավելի տեսանելի են լինում»

  • 13-10-2011 13:53:34   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից անցկացված ստեղծագործական եւ գիտական աշխատանքների մրցանակաբաշխության հաղթողներին եւ համապատասխան գիտական ու ստեղծագործական կազմակերպությունների ղեկավարներին: Հանդիպմանը ներկա են եղել Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հհ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին եւ գնահատելի համարել Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից իրականացվող աշխատանքը: Հանրապետության ղեկավարը կարեւորել է, որ անցկացվող մրցանակաբաշխությունը շարունակական է եւ միտում ունի ընդլայնվելու, քանի որ, ըստ Նախագահի, կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ դեռեւս դրա անհրաժեշտությունը կա: Սերժ Սարգսյանն ընդգծել է հատկապես հայագիտության բնագավառը, նաեւ՝ լավագույն սպա, լավագույն զինվոր մրցանակի սահմանմամբ բանակում անցկացվող մրցանակաբաշխությունը: «Վստահ եմ, որ լավագույններից մեկը կստանա այդ պարգեւը, եթե կուզեք` այդ կոչումը, եւ դա չափազանց կարեւոր է: Կարեւոր եմ համարում նաեւ Համահայկական համաժողովի ժամանակ պարոն Արա Աբրահամյանի առաջարկը՝ ստեղծել համահայկական տնտեսական համաժողով: Եթե մեզ հաջողվի, իրոք, կայացնել այդ համաժողովը, ապա վստահ եմ, որ արդյունքում ունենալու ենք տնտեսապես շահավետ կապեր, որոնք օգտակար են լինելու եւ´ այդ մարդկանց, եւ´ մեր երկրի ու ժողովրդի համար: Որպես իշխանություններ` մենք պատրաստ ենք մեր անելիքն անել»,-ասել է Նախագահ Սարգսյանը: Նախագահը կարեւորել է նաեւ մրցանակաբաշխությունը երիտասարդության շրջանում անցկացնելն ու տաղանդաշատ երիտասարդներին հնարավորինս խրախուսելը: «Երիտասարդությանը ոգեւորել, խրախուսել է պետք, եւ մենք շատ ավելի շոշափելի արդյունքներ կարող ենք ունենալ: Այստեղ էլ, եթե անհրաժեշտ է ջանքերի համադրում` մենք պետականորեն պատրաստ ենք դրան»,-ասել է Հանրապետության ղեկավարը: Նշելով, որ մրցանակաբաշխությունն իրականացվում է պետական մարմինների ու առաջին հերթին սփյուռքի նախարարության հետ համատեղ, բոլոր այդ մարմինների օժանդակությամբ՝ Սերժ Սարգսյանը չափազանց կարեւոր է համարել հանուն ընդհանուր գործի ջանքերի համատեղումը: «Երբ մեր ջանքերը համատեղվում են, ապա արդյունքները շատ ավելի տեսանելի են լինում»,-ընդգծել է Նախագահը` մեկ անգամ եւս բերելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի, վերջին շրջանում տպավորիչ հաղթանակներով Հայաստան վերադարձող մեր շախմատիստների եւ բազում այլ օրինակներ: Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության ղեկավարին` իրենց ծրագրերի իրականացման գործում մշտական աջակցության եւ այսօրվա ընդունելության համար: «Հայաստանում աշխատելու, ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծված են: Իշխանության հետ համագործակցության մեխանիզմները հստակ են: Այդ առումով, չափազանց կարեւոր էր, որ Նախագահը սփյուռքի նախարարություն ստեղծելու իր նախընտրական խոստումն ընտրություններից հետո կատարեց, եւ այժմ այդ նախարարության, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, նաեւ այլ պետական մարմինների հետ սերտ համագործակցելով` մենք իրականացնում ենք մեր ծրագրերը»,-ասել է Արա Աբրահամյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Այսմասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play