Սոցիալական գործընկերության երկրորդ ազգային կոնֆերանսն ավարտեց աշխատանքները


Սոցիալական գործընկերության երկրորդ ազգային կոնֆերանսն ավարտեց աշխատանքները

  • 13-10-2011 14:59:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 12-ին Երեւանում հաջողությամբ աշխատանքներն ավարտեց Հայաստանի գործատուների հանրապետական միության / ՀԳՀՄ/ նախաձեռնությամբ հրավիրված «Միասին դեպի աշխատանքի անվտանգություն եւ առողջության պահպանում» վերտառությամբ երկրորդ ազգային կոնֆերանսը: Մայրաքաղաքի «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում, սոցիալական եռակողմ գործընկերության զարգացման ծրագրի շրջանակներում անցկացված երկօրյա միջոցառմանը մասնակցեցին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ նաեւ միջազգային 5 շահագրգիռ կազմակերպությունների` Աշխատանքի միջազգային կազմակերպության, Եվրամիության աշխատանքի պաշտպանության գործակալության, գործատուների համագործակցության հոլանդական եւ գերմանական ծրագրերի պատասխանատուներ եւ փորձագետներ, գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի եւ Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներ: Կոնֆերանսի ընթացքում հայ եւ միջազգային մասնագետները քննարկեցին աշխատանքի պայմաններին եւ անվտանգությանն առնչվող հարցերի բազմազան ոլորտներ, վերլուծեցին մի շարք հայկական ընկերությունների ձեռք բերած դրական փորձը եւ գործարարների կողմից այսօր կիրառվող սկզբունքները, ծանոթացան եվրոպայում սոցիալ-աշխատանքային հարաբերություններ կառուցելու ընդունված չափանիշներին, քննարկեցին այդ հարցում առաջադեմ տեխնոլոգիաները հայկական ձեռնարկություններում ներդնելու ուղիները: - Միջոցառման գերակա նպատակը Հայաստանում աշխատանքի պաշտպանության եւ անվտանգության հարցերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն ու այդ հարցում ազգային ռազմավարության մշակումն էր: Կարելի է ասել, որ կոնֆերանսն այդ հարցը հաջողությամբ իրականացրեց, քանի որ քննարկումների, վիճաբանությունների ու առաջարկությունների համատեքստում, ի վերջո, եվրոպացի եւ հայ փորձագետներից ձեւավորված հանձնաժողովը առանձնացրեց այն գերակա ուղղությունները, որոնց միջոցով հնարավոր կլինի լուծել խնդիրները: Կոնֆերանսը, միաժամանակ, ընդունեց. որ Հայաստանում աշխատանքի պաշտպանության եւ սոցիալ-աշխատանքային առողջ միջավայր ձեւավորելու թե մարտավարական եւ թե հեռանկարային հիմնահարցերը հնարավոր է լուծել, եթե երկրի ձեռնարկությունների համար ընդունվեն համապատասխան նորմատիվային փաստաթղթեր եւ ներդրվեն Եվրամիության աշխատանքի պաշտպանության եւ առողջության պահպանման կենտրոնի առաջավոր փորձն ու պահանջները եւ, ի վերջո, այդ ամենին տրվի համապատասխան իրավական ձեւակերպում: Միայն դրանից հետո կարելի է լիարժեք վստահությամբ խոսել ազգային ռազմավարությունն իրականացնելու եւ այն օրենքին համապատասխան պաշտպանելու հնարավորությունների մասին: Եվ, անպայման, ցանկանում եմ ընդգծել, որ այդ ամենի հիմքում դրված է սոցիալական եռակողմ գործընկերությունը - ասաց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը: «Միասին դեպի աշխատանքի անվտանգություն եւ առողջության պահպանում» ազգային կոնֆերանսը որպես սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ համակարգի մի բաղադրիչ, զետեղվում է նաեւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում: Իր սոցիալական գործնկերների ակտիվ մասնակցությամբ ՀԳՀՄ-ի կազմակերպած միջոցառումը էական դերակատարություն կունենա նաեւ երկրի մրցունակության եւ ձեռնարկությունների արտադրողականության բարձրացման, աշխատաշուկայում մարդկանց մասնագիտական ճիշտ կողմնորոշման խնդիրները լուծելու հարցերում: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀԳՀՄ լրատվական ծառայությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play