Ծնվել է բանաստեղծ, գրող, խմբագիր, թարգմանիչ, հասարական գործիչ Մինաս Չերազը

  • -- ::   |   |  


1852 թ. հուլիսի 25-ին Կ.Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվել է բանաստեղծ, ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: 

 

37 տարեկանում օսմանյան իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար
մեկնում է Լոնդոն, հիմնադրում է անգլերեն և ֆրանսերեն «Արմենի» թերթը: Հետագայում հաստատվում է Ֆրանսիայում:
 
Մինաս Չերազը ամենից շատ հայտնի է որպես 1878 թվականին Խրիմյան Հայրիկի (1893-ից` կաթողիկոս) գլխավորությամբ Բեռլինի վեհաժողով մեկնած հայկական պատվիրակության թարգմանիչ և քարտուղար: Վեհաժողովում Հայկական հարցը 16-րդ կետից վերածվեց 61-րդի ու դարձավ երկրորդական:
 
Չերազը Խրիմյանի հետ այցելել էր եվրոպական մի շարք երկրներ, դիվանագիտական ճանապարհով Հայկական հարցը լուծելու նպատակով: 1880-ին Արփիար Արփիարյանի հետ ղեկավարել է Կ. Պոլսի «Միացյալ ընկերությունք հայոց» բարեգործական կազմակերպությունը: 1889 թ., խուսափելով թուրքական հետապնդումներից, Չերազը հաստատվում է Լոնդոնում: Այստեղ էլ հրատարակում է «Լ. Արմենի» գրական քաղաքական թերթը, հայ մշակույթը օտար ազգերին ներկայացնելու և հայոց դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու նպատակով: 1890-ին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոնը: Նույն թվականին էլ տեղափոխվել է Փարիզ, շարունակելով «Լ. Արմենի» թերթի հրատարակությունը: Այստեղ էլ շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը: Ուշագրավ է նրա հրատարակած «Թե ինչ շահեցանք Պերլինի վեհաժողովին» աշխատությունը, որը թարգմանվում է նաև ֆրանսերեն: Այն լույս է ընծայվում անգլիական կառավարության կողմից, «Կապույտ գրքում»: Չերազը ֆրանսերեն է թարգմանել Պ. Դուրյանի, Ռ. Պատկանյանի, Խ. Գալֆայանի ու այլ բանաստեղծների ընտիր երկերը «Հայ բանաստեղծները» խորագրով: Անգնահատելի են հայ և ընդհանրապես նաև այլ ժողովուրդների ազատագրական պայքարին նրա մատուցած ծառայությունները, որի համար Վենեսուելայի կառավարության կողմից պարգևատրվել է «Ազատարար Բոլիվիարի խաչով»: Պարգևատրվել է նաև պարսկական «Առյուծի և Արևի սպայության աստիճան» շքանշանով:
 
1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվում է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, և նա Մարսելում արտասանած իր ճառում ասում է.«Տեղահանությունն ու ջարդը անապատի ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ: Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը: Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձևի տակ ալ ըլլա:
Վարչաձևը առօրյա է, հայրենիքը` հավիտյան»: Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը` պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչև իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին` Չերազյան անունով վարժարան կառուցելու համար:
 
Չերազը 1928 թ. մահացել է Փարիզում և թաղվել այն գերեզմանատանը, ուր և 1935-ին, նրա շիրմաթմբի հարևանությամբ, թաղվում է նաև Կոմիտասը: 1936 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերում նաև Մինաս Չերազի աճյունը: Չերազի թաղումը մեծ շուքով եղել է Նուբարաշենի` նրա փողերով կառուցված դպրոցի բակում: Մեկ թե երկու տարի անց Չերազի աճյունը դպրոցի բակից հանում են: Ըստ իր եղբոր աղջկա վկայության, «ինչ-որ կուսակցական պաշտոնյա ասել էր, թե էս դաշնակի գերեզմանն ի՞նչ գործ ունի էստեղ»:
Հիմա նրա աճյունի վայրը հայտնի չէ:
  -