Տեղի ունեցաւ Հայաստանեան Կլոր սեղան հիմնադրամի տարեկան ժողովը


Տեղի ունեցաւ Հայաստանեան Կլոր սեղան հիմնադրամի տարեկան ժողովը

  • 21-10-2011 14:44:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից հիմնադրուած Հայաստանեան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի տարեկան` 2010-2011թթ.-ն ամփոփող ժողովը: Արդէն տասնհինգ տարի գործող Կլոր Սեղան հիմնադրամի նպատակն է աջակցել բարեգործական, գիւղատնտեսական, բնապահպանական, կրթական, մշակութային ու հասարակական տարբեր ծրագրերի իրականացմանը: Վերջին շրջանում Կլոր Սեղանը ներգրաւուած է նաեւ տարածաշրջանային խաղաղութեան հաստատման եւ արտակարգ իրավիճակներում օգնութեան կազմակերպման ծրագրերում: Ժողովը սկսուեց Կլոր Սեղանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Գեղարքունեաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Յովհաննիսեանի աղօթքով եւ բացման խօսքով: Սրբազան Հայրը, ողջունելով ժողովին ներկայ Կլոր Սեղանի գործընկերներին եւ աշխատակիցներին, յաջողութիւն ու բարի ընթացք մաղթեց ժողովի աշխատանքներին: Ներկաներին իր ողջոյնի խօսքը փոխանցեց նաեւ ՀԿՍ գործադիր տնօրէն դոկտոր Կարէն Նազարեանը: Վերջինն ուրախութեամբ նշեց, որ հիմնադրամի երկարատեւ աշխատանքի արդիւնքները նկատելի են, ընդլայնուել է գործընկերների ցանցը: Հիմնադրամի գործադիր տնօրէնը ժողովականներին ներկայացրեց նաեւ միջեկեղեցական կազմակերպութեան օպերատիւ եւ արագ արձագանքը Տաւուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետեւանքների յաղթահարման գործում. «մենք թերեւս միակ միջազգային կազմակերպութիւնն ենք, որ առաջինն արձագանքեցինք այդ դժբախտ պատահարին եւ հոգեւոր, նիւթական աջակցութիւն ցուցաբերեցինքէ: Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատուական Համակարգի մամլոյ հաղորդագրութեան, ժողովին իր մասնակցութիւնն էր բերել նաեւ Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգէն Մանուկեանը, ով իր ելոյթում ներկայացրեց Հանրային խորհրդի գործառոյթները, ստեղծման նպատակը եւ կատարուող աշխատանքները: Այնուհետեւ Հկս-ի գործադիր տնօրէնը եւ ծրագրերի պատասխանատուները ներկայացրեցին հիմնադրամի 2010-2011 թթ. գործունէութեան հաշուետուութիւնը, ապա տեղի ունեցան քննարկումներ, որոնց ընթացքում նախանշուեցին հիմնադրամի յետագայ գործունէութեան առաջնահերթ ոլորտները:
  -   Մամլո հաղորդագրություն