Կառավարութիւնն առաջարկում է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրամադրել հարկային արտօնութիւններ


Կառավարութիւնն առաջարկում է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրամադրել հարկային արտօնութիւններ

  • 24-10-2011 16:15:50   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարութեան հեղինակած օրէնսդրական փաթեթը, որով Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրւում էն հարկային արտօնութիւններ: Մասնաւորապէս, «Գոյքահարկի մասին» օրէնքում նախատեսուող լրացումներով առաջարկւում է գոյքահարկից ազատել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին սեփականութեան իրաւունքով պատկանող յուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգեւոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրութեան եւ իրացման համար օգտագործուող շէնքերն ու շինութիւները: «Հողի հարկի մասին» գործող օրէնքում նախատեսուող փոփոխութիւններով hողի յարկից ազատւում էն վերոյիշեալ օբյեկտների զբաղեցրած, ինչպէս նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը: Եկեղեցին ազատւում է նաեւ 2011 թուականի յունուարի 1-ի դրութեամբ հաշուարկուած գոյքահարկի եւ հողի հարկի, ինչպէս նաեւ այդ գումարները օրէնսդրութեամբ սահմանուած ժամկէտներում չվճարելու համար հաշուարկուած` հարկային օրէնսդրութեամբ սահմանուած տոյժերի եւ տուգանքների գումարների վճարումից: Նախատեսւում է, որ հարկային արտօնութիւնների տրամադրման հետեւանքով համայնքների եկամուտների նուազեցումը պետութեան կողմից փոխհատուցման ենթակայ չէ: Հարկումից ազատուող օբյեկտների, ինչպէս նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկերը սահմանելու է ՀՀ կառավարութիւնը: ՀՀ հողայի օրէնսգրքում առաջարկուող լրացումներով, մասնաւորապէս, հնարաւորութիւն է ընձեռնւում Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականութեան իրաւունքով անհատոյց տրամադրել պետութեան եւ համայնքների սեփականութեան հողամասերը: Օրէնսդրական փոփոխութիւնների փաթեթը բաւականին բուռն քննարկման տեղիք տուեց: Պատգամաւորներին հիմնականում յուզում էին փոփոխութիւնների հետեւանքով համայնքների բիւջէների նուազեցման, ինչպէս նաեւ ցանկում ընդգրկուելիք օբյեկտների հարցերը: Վերջինը, մասնաւորապէս, առաջացել էր Եկեղեցու կողմից պատգամաւորներին տրամադրուած 286 օբյեկների ցանկի պատճառով: Դրանում եկեղեցիներից, առաջնորդարաններից, հոգեւոր-մշակութային, կրթադաստիարակչական օբյեկտներից բացի, ներառուած էն, մասնաւորապէս, 20 հողատարածքներ, 45 հողամաս, 6 տնամերձ հողամաս, 4 արօտավայր, 4 վարելահող, 20 բնակելի տներ, 35 բնակարան, 4 առանձնատուն (վիլլա), 3 պանսիոնատներ եւ առողջարաններ, 2 կինոթատրոն, 3 խանութ, տաղաւար, 11 ֆուտբոլային մարզադաշտ` շրջակայ կառոյցներով, 2 անտառ- պուրակ, արհեստական լիճ եւ լճի տակ գտնուող մառան: Ինչպէս նկատեց ԱԺ եւրոինտէգրման հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան անդամ Նաիրա Զոհրաբեանը, յստակութիւն չկայ ոչ կառավարութեան հիմնաւորումներում եւ ոչ էլ` Մայր Աթոռի կողմից ներկայացուած ցուցակում. «Ինչո՞վ է ֆուտբոլի դաշտին տրուելիք այդ արտօնութիւնը նպաստելու այն հոգեւոր խնդիրներին, որոնք լուծելու է մեր բոլորի կողմից սիրուած, ընդունուած Մայր Աթոռ Առաքելական Սուրբ Եկեղեցին»: Ընդ որում, Եկեղեցին` ներկայացնելով ցանկը, նշել էր, որ այն ամբողջական չէ եւ խիստ նախնական է: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչէ Տէրտէրեանը յայտնեց, որ ցանկը «տեսանելի կարճ ժամկէտում խիստ նախնական է լինելու», քանի որ եկեղեցական գոյքի ամբողջ ծաւալը դեռեւս գոյքագրուած չէ: Ըստ նրա, ներկայացուած ցանկում ներառուած էն մի շարք օբյեկտներ` «պանսիոնատներ, մարզադաշտեր, սպորտային համալիրներ եւ այլ կարգի կ'առոյցնէր, որոնք իսկապէս հարցադրում էն առաջացնում»: Փոխնախարարը վստահեցրեց, որ կառավարութիւնը, սահմանելիս այն գոյքի ցանկը, որի վրայ տարածուելու էն արտօնութիւնները, պէտք է յստակ կողմնորոշուի, թէ, օրինակ, «մոմի արտադրամասում արտադրւում էն միայն ծիսական արարողութիւնների համար մոմեր, թէ նաեւ դեկորատիւ մոմեր` հարսանեաց հանդէսների համար, որոնք կոմերցիոն նպատակով կարող էն վաճառուել կամ դրուել շրջանառութեան մէջ»: Ինչ վերաբերում է տեղական բիւջէների նուազմանը, ապա, ըստ Վ.Տէրտէրեանի, համայնքային բիւջէների կառավարութեան ուսումնասիրութիւնները ցոյց էն տուել, որ առ այսօր «մեր համայնքները Եկեղեցուց, որպէս սեփականութիւն արձանագրուած գոյքից, գոյքահարկ կամ հողի յարկ փաստացի չէն ստացել»: «Մի կողմից չէն ստացել, միւս կողմից` օրէնքով իրենց վերապահուած գործուն հնարաւորութիւնը` վարչական մեխանիզմներ, դատական հայցեր եւ այլն, չէն օգտագործել»,-յայտնեց փոխնախարարը` ընդունելով, որ այս փոփոխութիւններով տեղական բիւջէների եկամտային բազան իրաւական առումով իրօք կրճատւում է: Այս կապակցութեամբ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը նկատեց. «Ճիշտ կը լինի, որ այդ լիազօրութիւնը տանք համայնքներին, համայնքները` իրենց աւագանիով, լաւութիւն անէն Եկեղեցուն, որովհետեւ իրենց բիւջէներից էն գումարները նուազում»: Պատգամաւորները նաեւ նկատեցին, որ Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցուն նման արտօնութիւնների տրամադրումը կը յանգեցնի այլ կրօնական կազմակերպութիւնների կողմից իրենց նկատմամբ հաւասար մօտեցում ցուցաբերելու պահանջին, եւ ակնյայտ է, որ նրանք այդ հարցով աջակցութիւն ստանալու նպատակով կը դիմեն միջազգային կազմակերպութիւններին, այդ թւում` Եւրոպայի խորհրդին:
  -   Տնտեսութիւն