ՀՀ ԿԳ նախարարն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ


ՀՀ ԿԳ նախարարն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ

  • 14-12-2011 19:35:11   |   |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանն աշխատանքային այցով դեկտեմբերի 14-ին մեկնել է Շիրակի մարզ: Ըստ նախարարութեան տարածած հաղորդագրութեան, նախարարը Գիւմրիում աշխատանքային քննարկում է ունեցել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրեանի հետ: Այնուհետեւ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարը հանդիպումներ է ունեցել Մ. Նալբանդեանի անուան պետական մանկավարժական ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական եւ հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների Գիւմրու մասնաճիւղերի պրոֆէսորադասախօսական կազմերի եւ գիտական խորհուրդների հետ: Ամփոփելով կրթութեան եւ գիտութեան համակարգում 2011 թուականի կատարած աշխատանքները եւ դրանք գնահատելով դրական` ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանն ընդգծել է, որ իւրաքանչիւր տարի ոլորտում նոր նշաձող է սահմանւում եւ յաղթահարւում այն: Նախարարի խօսքով, չնայած այս տարի դպրոցների շրջանաւարտներ չունենալու պատճառով բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների համար ծագած դժուարութիւններին, բուհերի աշխատանքն, ընդհանուր առմամբ, արդիւնաւէտ է եղել: Նախարարը կարեւորել է կրթական ոլորտի բարեփոխումների շարունակականութիւնը, ընդգծելով, որ գերակայ խնդիր է բուհերի միջեւ մրցակցութեան խթանումն ու ֆինանսաւորման նոր գործիքների ներդրումը: Յաջորդ տարուայ գլխաւոր մարտահրաւէրներից նախարարը կարեւորել է միջբուհական մրցակցային միջավայրի բարելալաւումը: Ա. Աշոտեանը անդրադարձել է նաեւ պետական հաւատարմագման գործընթացին եւ շեշտել, որ այն յետագայում բուհերին պետական պատուերով տեղեր յատկացնելու գլխաւոր նախապայմանն է հանդիսանալու: Այցի ընթացքում ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գիւմրու մասնաճիւղում ընթացող «Համաշխարհային տնտեսութեան փոփոխման միտումները եւ Հայաստանի մարտահրաւէրները» թեմայով հանրապետական գիտաժողովին: Արմէն Աշոտեանը հանդիպում է ունեցել նաեւ մարզում գործող աւագ դպրոցների տնօրէնների հետ եւ քննարկել հանրակրթութեան ոլորտում որակի ապահովմանը միտուած բարեփոխումների ընթացքը: Նախարարը նշել է, որ մինչեւ 2018թ. դպրոցներում կը դասաւանդեն միայն բարձրագոյն մասնագիտական կրթութեամբ մանկավարժները: Հանդիպման ընթացքում տնօրէնները ներկայացրել էն առաջարկներ կրթութեան ոլորտի տեղերում առկայ խնդիրների վերաբերեալ, քննարկուել էն նաեւ աշխատանքային ընթացիկ հարցեր:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ