ՀՀ ԿԳ նախարարն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ


ՀՀ ԿԳ նախարարն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ

  • 14-12-2011 19:35:11   | Շիրակի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 14-ին մեկնել է Շիրակի մարզ: Ըստ նախարարության տարածած հաղորդագրության, նախարարը Գյումրիում աշխատանքային քննարկում է ունեցել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ: Այնուհետեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը հանդիպումներ է ունեցել Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների Գյումրու մասնաճյուղերի պրոֆեսորադասախոսական կազմերի եւ գիտական խորհուրդների հետ: Ամփոփելով կրթության եւ գիտության համակարգում 2011 թվականի կատարած աշխատանքները եւ դրանք գնահատելով դրական` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր տարի ոլորտում նոր նշաձող է սահմանվում եւ հաղթահարվում այն: Նախարարի խոսքով, չնայած այս տարի դպրոցների շրջանավարտներ չունենալու պատճառով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ծագած դժվարություններին, բուհերի աշխատանքն, ընդհանուր առմամբ, արդյունավետ է եղել: Նախարարը կարեւորել է կրթական ոլորտի բարեփոխումների շարունակականությունը, ընդգծելով, որ գերակա խնդիր է բուհերի միջեւ մրցակցության խթանումն ու ֆինանսավորման նոր գործիքների ներդրումը: Հաջորդ տարվա գլխավոր մարտահրավերներից նախարարը կարեւորել է միջբուհական մրցակցային միջավայրի բարելալավումը: Ա. Աշոտյանը անդրադարձել է նաեւ պետական հավատարմագման գործընթացին եւ շեշտել, որ այն հետագայում բուհերին պետական պատվերով տեղեր հատկացնելու գլխավոր նախապայմանն է հանդիսանալու: Այցի ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ընթացող «Համաշխարհային տնտեսության փոփոխման միտումները եւ Հայաստանի մարտահրավերները» թեմայով հանրապետական գիտաժողովին: Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել նաեւ մարզում գործող ավագ դպրոցների տնօրենների հետ եւ քննարկել հանրակրթության ոլորտում որակի ապահովմանը միտված բարեփոխումների ընթացքը: Նախարարը նշել է, որ մինչեւ 2018թ. դպրոցներում կդասավանդեն միայն բարձրագույն մասնագիտական կրթությամբ մանկավարժները: Հանդիպման ընթացքում տնօրենները ներկայացրել են առաջարկներ կրթության ոլորտի տեղերում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկվել են նաեւ աշխատանքային ընթացիկ հարցեր:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play