Քրէական հետապնդման անուան ներքոյ տեղի է ունենում քաղաքական հաշուեյարդար ընդդիմութեան ներկայացուցչի նկատմամբ, յայտարարում են հայաստանեան հկ-ների ներկայացուցիչները


Քրէական հետապնդման անուան ներքոյ տեղի է ունենում քաղաքական հաշուեյարդար ընդդիմութեան ներկայացուցչի նկատմամբ, յայտարարում են հայաստանեան հկ-ների ներկայացուցիչները

  • 24-05-2011 18:52:14   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանեան մի շարք հասարակական կազմակերպութիւններ մայիսի 24-ին հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ, որում ասուած է. «Մենք` ներքոստորագրեալներս, հետեւելով 2011թ. փետրուարի 23-ից ընդդիմադիր «Ժառանգութիւն» կուսակցութեան պատգամաւոր Զարուհի Փոստանջեանի անազատութեան մէջ գտնուող եղբօր` Տիգրան Փոստանջեանի դէմ յարուցուած քրէական գործի ընթացքին, արձանագրում ենք, որ քրէական հետապնդման անուան ներքոյ տեղի է ունենում քաղաքական հաշուեյարդար ընդդիմութեան ներկայացուցչի նկատմամբ` նրա ընտանիքի անդամին հետապնդելու միջոցով: Տիգրան Փոստանջեանի նկատմամբ սկսուած քրէական հետապնդումը ընթանում է ՀՀ օրէնսդրութեան եւ միջազգային նորմերի կոպիտ խախտումներով: ՀՀ գլխաւոր դատախազութիւնը միայն մէկ անձի դիմումի հիման վրայ, այն ստանալու պահից մի քանի ժամ անց 18.02.2011 թուականին յարուցել է քրէական գործ: ՀՀ գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանի ցուցումով գործի քննութեան իրականացումը յանձնարարուել է ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեանը, որը Հայաստանի Հանրապետութեան քրէադատավարական օրէնսդրութեամբ չի հանդիսանում նրան մեղսագրուող արարքի նկատմամբ նախաքննութիւն իրականացնող մարմին: Նոյն օրը ՀՀ գլխաւոր դատախազութիւնը, խախտելով անմեղութեան կանխաւարկածը, Զլմ-ներով հրապարակել է Տ.Փոստանջեանի դէմ յարուցուած քրէական գործի վերաբերեալ հաղորդագրութիւն: Տիգրան Փոստանջեանն իր դէմ յարուցուած քրէական գործի մասին տեղեկացել է 18.02.2011 թուականին ինտերնետային հրապարակումից: Նոյն օրը Տիգրան Փոստանջեանին զանգահարել է անծանօթ մի քաղաքացի եւ յայտնել, որ` դատախազութիւնը կառավարութեան հետ միասին քրէական հետանդում են ուզում նախաձեռնել` «գործ սարքել» կապուած իր քրոջ գործունէութեան հետ: Հինգ օր անց Տ.Փոստանջեանը ձերբակալուել է, երեք օր պահուել ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան ժամանակաւոր պահման մեկուսարանում, չորս օր` նոյն շէնքում գտնուող «Երեւան-կենտրոն» քրէակատարողական հիմնարկում, այնուհետեւ տեղափոխուել «Նուբարաշեն» քրէակատարողական հիմնարկ: Տ.Փոստանջեանն ազատազրկման է ենթարկուել առանց դրա համար պատշաճ հիմնաւորման առկայութեան: Հաշուի չի առնուել այն, որ Տ.Փոստանջեանը, պատահականօրէն իմանալով քրէական գործի յարուցման մասին, անձամբ է ներկայացել հարցաքննութեան եւ որ նա իր խնամքի տակ ունի երկու մանկահասակ երեխայ: Անտեսուել են նրա համար ներկայացուած գրաւի միջնորդութիւնն ու ԱԺ պատգամաւորների կողմից տրուած երաշխաւորագրերը: Տ.Փոստանջեանի ձերբակալումից երկու ամիս անց դատարանն ընդունել է որոշում կալանքը թողել անփոփոխ` առանց նշելու որեւէ ժամկէտ: Նրա կալանավայրում գտնուելու ընթացքում բազմիցս ապօրինի կերպով արգելուել են նրա տեսակցութիւնները հարազատների ու ԱԺ պատգամաւորների հետ: Նրա նկատմամբ ձերբակալման առաջին օրուանից կիրառուել են հոգեբանական տարբեր ճնշումներ, դրսեւորուել է անմարդկային եւ նուաստացնող վերաբերմունք: Այս ամէնի դէմ իր բողոքն արտայայտելու համար Տ.Փոստանջեանը 2011 թուականի մայիսի 11-ից ի վեր գտնւում է հացադուլի մէջ: Տիգրան Փոստանջեանին մինչ օրս կալանքի տակ պահելով` Հայաստանի Հանրապետութիւնը խախտում է Մարդու իրաւունքների Եւրոպական կոնուենցիայի 5-րդ յօդուածը: Ինչպէս նշել է Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը իր մի շարք վճիռներում` այն հանգամանքը, որ ներպետական դատարանի կողմից չի սահմանւում այն ժամկէտը, որով երկարացւում է մեղադրեալին կալանքի տակ պահելը, անձին դնում է անորոշ վիճակի մէջ եւ հանդիսանում է Կոնուենցիայի 5-րդ յօդուածի 1-ին կէտով ամրագրուած` օրինականութեան սկզբունքի խախտում (տես Բելեւիցկին ընդդէմ ՌԴ գործով վճիռը): Տ.Փոստանջեանին անմարդկային եւ անձը նուաստացնող պայմաններում պահելը խախտում է Մարդու իրաւունքների Եւրոպական կոնուենցիայի 3-րդ յօդուածը (տես Կալաշնիկովն ընդդէմ Ռդ-ի վճիռը): Կոչ ենք անում միջազգային կառոյցներին միջնորդել ՀՀ իշխանութիւններին` դադարեցնելու Տիգրան Փոստանջեանի նկատմամբ իրականացուող անօրինականութիւնները եւ ձեռնպահ մնալ ընդդիմադիր գործունէութիւն իրականացնող անհատների կամ նրանց հարազատների նկատմամբ բռնաճնշումներ կիրառելուց»: Յայտարարութիւնը ստորագրել են Ժուռնալիստների «Ասպարէզ» ակումբ, Թրասփարէնսի Ինթերնեյշնլ, Քաղաքացիական ազգային նախաձեռնութիւն, Փաստաբաններ մարդու իրաւունքների համար, Ընդդէմ իրաւական կամայականութիւնների, Երիտասարդութիւն յանուն ժողովրդավարութեան, «Զարթօնք-89», «Յոյս», «Ուխտ Արարատի» կազմակերպութիւնները, Հելսինկեան ասամբլէայի վանաձորի գրասենեակը եւ Հայաստանի հելսինկեան կոմիտեն։
  -   Քաղաքական