Քրեական հետապնդման անվան ներքո տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար ընդդիմության ներկայացուցչի նկատմամբ, հայտարարում են հայաստանյան հկ-ների ներկայացուցիչները


Քրեական հետապնդման անվան ներքո տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար ընդդիմության ներկայացուցչի նկատմամբ, հայտարարում են հայաստանյան հկ-ների ներկայացուցիչները

  • 24-05-2011 18:52:14   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ մայիսի 24-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է. «Մենք` ներքոստորագրյալներս, հետեւելով 2011թ. փետրվարի 23-ից ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անազատության մեջ գտնվող եղբոր` Տիգրան Փոստանջյանի դեմ հարուցված քրեական գործի ընթացքին, արձանագրում ենք, որ քրեական հետապնդման անվան ներքո տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար ընդդիմության ներկայացուցչի նկատմամբ` նրա ընտանիքի անդամին հետապնդելու միջոցով: Տիգրան Փոստանջյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը ընթանում է ՀՀ օրենսդրության եւ միջազգային նորմերի կոպիտ խախտումներով: ՀՀ գլխավոր դատախազությունը միայն մեկ անձի դիմումի հիման վրա, այն ստանալու պահից մի քանի ժամ անց 18.02.2011 թվականին հարուցել է քրեական գործ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով գործի քննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որը Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենսդրությամբ չի հանդիսանում նրան մեղսագրվող արարքի նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմին: Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազությունը, խախտելով անմեղության կանխավարկածը, ԶԼՄ-ներով հրապարակել է Տ.Փոստանջյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ հաղորդագրություն: Տիգրան Փոստանջյանն իր դեմ հարուցված քրեական գործի մասին տեղեկացել է 18.02.2011 թվականին ինտերնետային հրապարակումից: Նույն օրը Տիգրան Փոստանջյանին զանգահարել է անծանոթ մի քաղաքացի եւ հայտնել, որ` դատախազությունը կառավարության հետ միասին քրեական հետանդում են ուզում նախաձեռնել` «գործ սարքել» կապված իր քրոջ գործունեության հետ: Հինգ օր անց Տ.Փոստանջյանը ձերբակալվել է, երեք օր պահվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր պահման մեկուսարանում, չորս օր` նույն շենքում գտնվող «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, այնուհետեւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Տ.Փոստանջյանն ազատազրկման է ենթարկվել առանց դրա համար պատշաճ հիմնավորման առկայության: Հաշվի չի առնվել այն, որ Տ.Փոստանջյանը, պատահականորեն իմանալով քրեական գործի հարուցման մասին, անձամբ է ներկայացել հարցաքննության եւ որ նա իր խնամքի տակ ունի երկու մանկահասակ երեխա: Անտեսվել են նրա համար ներկայացված գրավի միջնորդությունն ու ԱԺ պատգամավորների կողմից տրված երաշխավորագրերը: Տ.Փոստանջյանի ձերբակալումից երկու ամիս անց դատարանն ընդունել է որոշում կալանքը թողել անփոփոխ` առանց նշելու որեւէ ժամկետ: Նրա կալանավայրում գտնվելու ընթացքում բազմիցս ապօրինի կերպով արգելվել են նրա տեսակցությունները հարազատների ու ԱԺ պատգամավորների հետ: Նրա նկատմամբ ձերբակալման առաջին օրվանից կիրառվել են հոգեբանական տարբեր ճնշումներ, դրսեւորվել է անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունք: Այս ամենի դեմ իր բողոքն արտահայտելու համար Տ.Փոստանջյանը 2011 թվականի մայիսի 11-ից ի վեր գտնվում է հացադուլի մեջ: Տիգրան Փոստանջյանին մինչ օրս կալանքի տակ պահելով` Հայաստանի Հանրապետությունը խախտում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը: Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր մի շարք վճիռներում` այն հանգամանքը, որ ներպետական դատարանի կողմից չի սահմանվում այն ժամկետը, որով երկարացվում է մեղադրյալին կալանքի տակ պահելը, անձին դնում է անորոշ վիճակի մեջ եւ հանդիսանում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված` օրինականության սկզբունքի խախտում (տես Բելեվիցկին ընդդեմ ՌԴ գործով վճիռը): Տ.Փոստանջյանին անմարդկային եւ անձը նվաստացնող պայմաններում պահելը խախտում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (տես Կալաշնիկովն ընդդեմ ՌԴ-ի վճիռը): Կոչ ենք անում միջազգային կառույցներին միջնորդել ՀՀ իշխանություններին` դադարեցնելու Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող անօրինականությունները եւ ձեռնպահ մնալ ընդդիմադիր գործունեություն իրականացնող անհատների կամ նրանց հարազատների նկատմամբ բռնաճնշումներ կիրառելուց»: Հայտարարությունը ստորագրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Թրասփարենսի Ինթերնեյշնլ, Քաղաքացիական ազգային նախաձեռնություն, Փաստաբաններ մարդու իրավունքների համար, Ընդդեմ իրավական կամայականությունների, Երիտասարդություն հանուն ժողովրդավարության, «Զարթոնք-89», «Հույս», «Ուխտ Արարատի» կազմակերպությունները, Հելսինկյան ասամբլեայի վանաձորի գրասենյակը եւ Հայաստանի հելսինկյան կոմիտեն։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play