Բակոյ Սահակեանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ


Բակոյ Սահակեանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ

  • 07-03-2011 16:08:11   |   |  Քաղաքական
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ: Նոյն օրը նա այցելել է Սուրբ Յովհաննէս Մկրտիչ Մայր տաճար եւ մասնակցել այնտեղ անցկացուած հոգեւոր արարողութեանը, որից յետոյ Բ.Սահակեանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորուան արքեպիսկոպոս Զաքարեանի հետ: Հանդիպմանը քննարկուել էն հայրենիք-սփիւռք, ինչպէս նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականութեանը վերաբերող հարցեր: Բակոյ Սահակեանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփիւռքում ազգային ինքնութեան պահպանման եւ հայրենքի հետ կապերի ամրապնդման գործում: Հանդիպումից յետոյ Արցախի Հանրապետութեան Նախագահը ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում գտնուող Կոմիտասի յուշարձանին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան Նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, նոյն օրը Նախագահը հանդիպում է ունեցել նաեւ «Սատար Ղարաբաղի» միութեան վարչական անդամների հետ եւ քննարկել կազմակերպութեան հետ համագործակցութեանն առնչուող հարցեր: Բ.Սահակեանը Արցախի շէնացման գործում սփիւռքահայ տարբեր կազմակերպութիւնների ակտիւ մասնակցութիւնը համարել է կարեւոր եւ պահանջուած նաեւ ներհայկական կապերի ամրապնդման տեսանկիւնից: Հանդիպումներին ներկայ էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Վիգէն Չիթեչեանը, ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Նարինէ Աղաբալեանը, Արցախի Հանրապետութեան Նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը, պաշտօնատար այլ անձինք:
  -   Քաղաքական