Շուշիի գրադարանն այսուհետ կը գործի որպէս կրթoջախ` տարբեր կրթական ու մշակութային միջոցառումների համար<br />


Շուշիի գրադարանն այսուհետ կը գործի որպէս կրթoջախ` տարբեր կրթական ու մշակութային միջոցառումների համար

  • 22-02-2011 15:01:08   | Հայաստան  |  Մշակոյթ
Երեւան, փետրուարի 22, 2011թ.: 2011թ.-ը Շուշիի գրադարանը մեկնարկեց բարենորոգ ու կահաւորուած: Շուրջ 83 միլիոն ՀՀ դրամ արժողութեամբ ծրագիրն իրականացուել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտեան շրջանի տեղական մարմնի հովանաւորութեամբ: Շուշիի գրադարանն այսուհետ կը գործի ոչ միայն որպէս գրքի ու ընթերցանութեան կենտրոն, այլեւ կրթoջախ` տարբեր կրթական ու մշակութային միջոցառումների համար: Այն կը սպասարկի Շուշիի, Ստեփանակերտի եւ յարակից գիւղերի բնակիչներին` առաւել հետաքրքրական ու բովանդակալից դարձնելով նրանց առօրեան: Գրադարանը երկյարկանի եւ մէկ յարկանի մասնաշէնքերից կազմուած կառոյց է` 624քառ.մ ընդհանուր մակերեսով: Կառոյցը մասնակիօրէն ուժեղացուել է, ամբողջութեամբ վերայատակագծուել եւ վերակառուցուել: Փոխուել է տանիքը, սալիկապատուել էն յատակները, աշխատասենեակները ծածկուել էն մանրատախտակով: Նորացուել է շէնքի էլեկտրական համակարգը, անցկացուել է ընդհանուր ջեռուցում: Մէկ յարկանի մասում գրադարանի վարչական մասն է` կազմուած չորս աշխատանքային սենեակներից, նախասրահից եւ սանհանգոյցից: Երկյարկանի հատուածում ընթերացասրահն է, գրապահոցն ու գրքերի պահեստը: Շէնքն ունի նաեւ նկուղային յարկ, որը եւս օգտագործւում է գրադարանի կարիքների համար: Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Միքայէլ Խաչատրեանի խօսքով` իրենք տարիներ շարունակ երազել էն Շուշին տեսնել վերակառուցուած ու հայեցի: Այսօր այդ երազանքն իրականութիւն է դառնում, դրա վկայութիւնն էն Շուշիում վերանորոգուած ճանապարհահատուածները, տասից աւելի բարձրայարկ շէնքերի վերակառուցուած տանիքները, բարեկարգման ընթացիկ աշխատանքները մշակոյթի տանը, Աբովեանի անուան դպրոցում, ինչպէս նաեւ խմելու ջրի ներքին ցանցի անցկացմանն ուղղուած աշխատանքները: Պարոն Խաչատրեանի խօսքով` խորհրդային շրջանում կապը գրադարանի հետ շատ ամուր էր: Այն օրական առնուազն 50-60 այցելու ունէր: Այստեղ յաճախակի կազմակերպւում էին հանդիպումներ, գրական քննարկումներ մտաւորականութեան անուանի ներկայացուցիչների հետ: 1992թ-ին, երբ Շուշիի բնակիչները վերադարձան իրենց ծննդավայր, քաղաքն այնպէս էր աւերուել, որ խօսք լինել անգամ չէր կարող գրադարանի գործունէութեան նախկին բնականոն ընթացքի մասին: Գրադարանի ֆոնդը` աւելի քան 16 500 կտոր գիրք, որ ժամանակաւորապէս պահ էր տրուել Մուրացանի անուան դպրոցում, օրերս կը տեղափոխուի գրադարան: Եղած գրքերը կհամալրուէն նորերով: Տնօրինութիւնն այդ ուղղութեամբ որոշ քայլեր արդէն ձեռնարկել է. շուտով մոսկուաբնակ հայ ազգագրագրետ Կարէն Յուզբաշեանի 265 կտոր գրքից բաղկացած գիտական ազգագրական հաւաքածուն եւս կը հանգրուանի Շուշիի գրադարանում: Գրադարանն ունի 7 աշխատակից: Վերանորոգումից յետոյ հնարաւոր է աշխատակազմի համալրում: Այստեղ վաղուց արդէն հմուտ մատենագէտի կարիք է զգացւում: Իսկ գրադարանի թուայնացումը տնօրինութեան առաջնահերթ ծրագրերի շարքում է: Գրադարանի տնօրէն Ժասմենա Գաբրիէլեանի խօսքով` նոր տեխնոլոգիական լուծումները կնդլայնէն գրադարանի հնարաւորութիւնները, ինչպէս ֆոնդի պահպանման, այնպէս էլ ուսումնասիրութեան եւ հասանելիութեան ապահովման հարցերում: «Մենք մէկը միւսի ետեւից իրականութիւն ենք դարձնում 2009թ-ին ստանձնած մեր ծրագրերը: Եւ իւրաքանչիւր ծրագրի աւարտին հպարտանում ենք, որ յոյս եւ ուրախութիւն ենք բերում Շուշի` բարեկարգելով եւ գեղեցկացնելով մեր նախնիների այս հիասքանչ քաղաք-ամրոցը»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամ
  -   Մշակոյթ