Մաստրիխտում կազմակերպուել էր սիմպոզիում`«Sուրբ Սերուատես հայը» խորագրով


Մաստրիխտում կազմակերպուել էր սիմպոզիում`«Sուրբ Սերուատես հայը» խորագրով

  • 12-03-2012 17:44:14   |   |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 10-ին Մաստրիխտ քաղաքում Նիդերլանդների «Անի» կազմակերպութեան կողմից կազմակերպուել էր սիմպոզիում` նուիրուած սուրբ Սերուատեսի յիշատակին: «Sուրբ Սերուատես հայը»խորագրով միջոցառմանը ելոյթով հանդէս եկաւ նաեւ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձիւնիկ Աղաջանեանը: Իր ելոյթում դեսպան Աղաջանեանն անդրադարձաւ սուրբ Սերուատեսի ժառանգութեանը` որպէս հոլանդական հասարակութեան մէջ քրիստոնէութեան եւ քրիստոնեայ արժէքների տարածողի, հայ-հոլանդական կապերի սկզբնաւորմանն ու յետագայ տարածմանը, հայկական համայնքի ձեւաւորմանն ու հոլանդական պատմութեան մէջ ունեցած դերակատարութեանը, ներկայիս հայկական համայնքի դերին ու նշանակութեանը: Խօսելով հայ-հոլանդական կապերի մասին` ՀՀ դեսպանը նշեց. «Անկախ Հայաստանի Հանրապետութեան ստեղծմամբ` հայ-հոլանդական յարաբերութիւնները որակական նոր փուլ են մտել` երկու ժողովուրդների միջեւ յարաբերութիւններից վերածուելով երկու պետութիւնների միջեւ յարաբերութիւնների: Մենք մեր նախնիներից դեռ շատ բան ունենք սովորելու, թէ ինչպէս ամուր տնտեսական կապեր ձեւաւորենք, սակայն հիմքերն արդէն դրուած են. կայ արդէն նշանակալից ժառանգութիւն ստացած համայնք, որը դեռեւս պէտք է լիովին գիտակցի դրա կարեւորութիւնը եւ իւրացնի այն»: Նա շեշտեց, որ սուրբ Սերուատեսի ջանքերն պտուղ են տուել, որոնք «այսօր ծաղկում են` խոստանալով ընդլայնել բարեկամութիւնն ու համագործակցութիւնն երկու ժողովուրդների միջեւ` ի վկայութիւն այն անժխտելի ներդրումի, որ հայ սուրբն ունեցել է հոլանդական հասարակութեան մէջ: Մենք պարտաւոր ենք սնել այն եւ հնարաւորութիւն տալ ամբողջ ներուժով դրսեւորուելուէ: Սիմպոզիումին մասնակցում էր նաեւ Նիդերլանդների Իմիգրացիայի, ինտէգրացիայի եւ ապաստանի հարցերով նախարար Խէրտ Լիրսն, ով իր ելոյթում անդրադարձաւ հոլանդական հասարակութեան մէջ հայ համայնքի ներդրումին եւ առկայ խնդիրներին: Նրան նուիրուեց դոկտոր Եւադեանի հեղինակած «Սուրբ Սերուատես հայը» գրքի առաջին օրինակը: Սիմպոզիումին ընդարձակ ելոյներով հանդէս եկան դոկտոր Ռեգիս դէ լա Հայէն, դոկտոր Մաքսիմ Եւադեանը /Լիոնի համալսարան/, դոկտոր Թէոյ ֆան Լինտը /Օքսֆորդի համալսարան/, դոկտոր Ժոզեֆ Վայտենբերգը /Լեյդենի համալսարան/, դոկտոր Հերման Տիւլեն /Նայմեխենի համալսարան/, ովքեր իրենց ելոյթները նուիրեցին սուրբ Սերուատեսի կեանքի ու ծագումնաբանութեան շուրջ ուսումնասիրութիւնների, հայ գրականութեան, Նիդերլանդներում հայ համայնքի պատմութեան, Մերձաւոր արեւելքում քրիստոնեաների խնդիրների ներկայացմանը: Հայ բանաստեղծների գործերի թարգմանութեամբ ելոյթ ունեցաւ դոկտոր Անթօնի Հոլսլախը: Միջոցառման երաժշտական հատուածում Կոմիտասի, Սայաթ-նովայի, Յարութիւնեանի, Կանաչեանի եւ այլոց գործերի կատարումներով հանդէս եկան սոպրանօ Լիլիթ Սաթին, դաշնակահարուհի Մարիամ Պողոսովան, ֆլեյտահար Զարայ Բադալեանը, եւ թաւջութակահար Միքայէլ Գրիգորեանը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, սիմպոզիումին ներկայ էին նաեւ Լիմբուրգի նահանգապետ Թէոյ Բովանսը, փոխքաղաքապետ Ժակ Կոստօնյը, խորհրդարանականներ, հայ եկեղեցու եւ հոլանդական հոգեւոր դասի, հոլանդական հասարակական ու գործարար շրջանակների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
  -   Մամլո հաղորդագրություն