Լոուրենս Բրոերս.««Հաշտութեան պաշարներ»ծրագրերը ուղղուած են քաղաքացիական հասարակութեան զարգացմանը»


Լոուրենս Բրոերս.««Հաշտութեան պաշարներ»ծրագրերը ուղղուած են քաղաքացիական հասարակութեան զարգացմանը»

  • 20-03-2012 16:00:29   |   |  Քաղաքական

Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Վասիլի Աթաջանեանը ընդունել է «Հաշտութեան պաշարներ» (Conciliation Resources) միջազգային կազմակերպութեան ծրագրերի մենեջեր Լոուրենս Բրոերսին: Ողջունելով հիւրին, Վասիլի Աթաջանեանը ընդգծել է միջազգային ոչ կառավարական կազմակերպութիւնների կարեւոր դերը մարդասիրական հարցերի լուծման եւ տարածաշրջանային կայունութեան ամրապնդման համար: Լոուրենս Բրոերսը ներկայացրել է տարածաշրջանում եւ, մասնաւորապէս, Լեռնային Ղարաբաղում կազմակերպութեան իրականացուող ծրագրերը, նշելով, որ դրանք ուղղուած են քաղաքացիական հասարակութեան զարգացմանը: Զրոյցի ընթացքում Վասիլի Աթաջանեանը անդրադարձել է Լղհ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացին, մի շարք մարդասիրական հարցերի, ինչպէս նաեւ ղարաբաղեան հիմնախնդրի նախապատմութեանը եւ կարգաւորման բանակցային գործընթացի ներկայ փուլին: Ընդսմին նա նշել է, որ բանակցութիւններում պաշտօնական Բաքուի ոչ կառուցողական դիրքորոշումը եւ պաշտօնական մակարդակի վրայ հայատեաց քաղաքականութեան վարումը հեռացնում են հակամարտութեան կարգաւորման հեռանկարը` ուժեղացնելով կողմերի հասարակութիւնների թշնամական վերաբերմունքը: Դրա հետ մէկտեղ ագ նախարարի պաշտօնակատարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը բաց է երկխօսութեան եւ համագործակցութեան համար, ընգծելով տեղում իրական վիճակին ծանօթանալու համար տարբեր մակարդակի եւրոպացի պաշտօնեաների պարբերական այցերի անհրաժեշտութիւնը: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնից յայտնում են, որ Վասիլի Աթաջանեանը պատրաստակամութիւն է յայտնել աջակցել «Հաշտութեան պաշարներ»կազմակերպութեան գործունէութեանը:
  -   Քաղաքական