Քաղաքապետարանում քննարկուել են սոցծառայութիւնների տարածքային գործակալութիւններում առկայ բացթողումները


Քաղաքապետարանում քննարկուել են սոցծառայութիւնների տարածքային գործակալութիւններում առկայ բացթողումները

  • 20-03-2012 19:07:07   | Հայաստան  |  Հասարակութիւն

Մայրաքաղաքի սոցիալական ծառութիւնների տարածքային գործակալութիւնների աշխատանքների կազմակերպման հետ կապուած հարցեր են քննարկուել Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի հրաւիրած խորհրդակցութեան ընթացքում: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, դիմելով գործակալութիւնների պետերին` քաղաքապետը նախ նկատել է, որ համակարգում առկայ են որոշակի խնդիրներ ու բացթողումներ, որոնք յարուցում են քաղաքացիների դժգոհութիւնն ու բացասաբար են անդրադառնում աշխատանքների բնականոն ընթացքին: Տարօն Մարգարեանը, մասնաւորապէս, դժգոհել է ոլորտի աշխատակիցների մասնագիտական որակաւորման արդիւնքներից, որոշ դէպքերում նաեւ քաղաքացիներին մատուցած ծառայութիւնների որակից: «Սայ այն ոլորտն է, որտեղ պէտք է աշխատեն միայն խորը մասնագիտական հմտութիւններով օժտուած բարձրակարգ մասնագէտներ, քանի որ գործ ունենք սոցիալական տարբեր պայմաններում ապրող ու իւրովի խնդիրներ ունեցող քաղաքացիների հետ: Անհրաժեշտ է կտրուկ փոխել վերաբերմունքը սոցիալապէս անապահով խաւի նկատմամբ եւ բարձրացնել բնակչութեանը մատուցուող ծառայութիւնների որակը» ,- նշել է քաղաքապետը: Կարիքաւոր ընտանիքների անապահովութեան գնահատման համակարգի վերաբերեալ Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը ընդգծել է, որ այս դէպքում եւս տեղ են գտել թերացումներ ու բացթողումներ, որոնք պէտք է բացառուեն: «Մեզ հասած տեղեկութիւնների համաձայն, տարածքային գործակալութիւնների աշխատակիցները երբեմն թերանում են իրենց պարտականութիւններում, չարաշահում լիազօրութիւնները: Վստահեցնում եմ բոլորիդ, որ նման աշխատակիցների նկատմամբ կը կիրառուեն վարչական խիստ մեխանիզմներ` ընդհուպ մինչեւ համակարգից հեռացում: Տեղերում ձեր թիւ մէկ խնդիրը պէտք է լինի կառոյցի հեղինակութեան բարձրացումը, քանի որ անգամ մէկ աշխատակցի թերի գործունէութիւնը կարող է ստուերել ողջ աշխատանքը» ,- նշել է Տարօն Մարգարեանը: Քաղաքապետը տարածքային գործակալութիւնների պետերին յանձնարարել է նաեւ անձամբ այցելել կարիքաւոր ընտանիքներին, ինչը կը նպաստի նաեւ տեսուչների կողմից հնարաւոր բացթողումների վերհանմանը եւ ընդհանուր իրավիճակի յստակեցմանը: Տարօն Մարգարեանը նշել է, որ միայն սրտացաւ ու հոգատար վերաբերմունքի դէպքում հնարաւոր կը լինի գոհացնել քաղաքացիներին, այդպիսով վերականգնելով նաեւ համակարգի նկատմամբ վստահութիւնը: Ի պատասխան քաղաքապետի յանձնարարականների` սոցիալական ծառութիւնների տարածքային պատասխանատուները խոստացել են կարճ ժամկէտում վերանայել աշխատանքային մօտեցումներն ու շտկել թերացումները եւ բացթողումները:
  -   Հասարակութիւն