Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում Հայկական հարցերով զբաղուող խմբի մեծամասնութիւնը վերընտրուել է


Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում Հայկական հարցերով զբաղուող խմբի մեծամասնութիւնը վերընտրուել է

  • 04-11-2010 09:45:20   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Վաշինգտօն- Պատմական ընտրութիւնների գիշերը, որը բերեց Կոնգրէսում ուժի կտրուկ փոփոխման, Հայկական յանձնախմբի անդամները եւ Ներկայացուցիչների պալատում ու Սենատում 252-րդ եւ 316-րդ բանաձեւերի աջակիցները հասան բաւականին արդիւնքների, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Կոնգրէսում Հայկական խնդիրներով զբաղուող խմբի անդամների մեծամասնութիւնը վերընտրուեցին` ներառեալ խմբի համանախագահ Ֆրեկ Փալոնը եւ Մարկ Քիրքը: Ներկայացուցիչ Մարկ Քիրքը, ով Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի առաջատար հովանաւոր է, վերընտրուեց Միացեալ Նահանգների Սենատում Իլինոիս նահանգում` զբաղեցնելով այն պաշտօնը, որը մի ժամանակ պատկանում էր նախագահ Բարաք Օբամային: Ներկայացուցիչ Փալոնը պատասխանեց «Tea Party» շարժման թեկնածուի քննադատութեանը` ուղղուած Օբամայի վարչակազմին Հայոց Ցեղասպանութեան փաստի վերահաստատման իր խոստումը չկատարելու համար: Հանրապետականների յաղթանակով Ներկայացուցիչների պալատում սպասւում է, որ Օբամայի կողմից վարուող քաղաքականութիւնը էլ աւելի կը քննադատուի: Ամերիկայի Հայկական Համագումարը շարունակում է պայքարել նախագահի կողմից Հայոց Ցեղասպանութեան վերահաստատման համար եւ կոչ է անում նախագահ Օբամային աներկիմաստօրէն հաստատել այս պատմական փաստը: «Մենք շնորհաւորում ենք Հայկական յանձնախմբի անդամներին, ովքեր վերընտրուեցին եւս մէկ ժամկէտով Կոնգրէսում եւ պատրաստւում ենք ընդլայնել յանձնախմբի կազմը: Մենք նաեւ յայտնում ենք մեր երախտապարտութիւնն այն անդամներին, ովքեր այլեւս չէն վերադառնալու Կոնգրէս»,- նշեց Համագումարի Կոնգրէսական կապերի հետ հարցերով աշխատակից Բիանկայ Դոդովը: Ի հաւելումն, ամերիկահայ ներկայացուցիչ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեան 252-րդ բանաձեւի հովանաւոր ներկայացուցիչ Ադամ Շիֆը բարեյաջող վերընտրուեցին: 252-րդ բանաձեւի համահովանաւորներ Էդուարդ Ռոյսը եւ Բրէդ Շերմանը կը վերադառնան Կոնգրէս, իսկ հայկական հարցերի վաղ աջակից Ջորջ Ռադանովիչը անցեալում յայտնել է 111-րդ Կոնգրէսի գործունէութեան աւարտին թոշակի անցնելու իր մտադրութեան մասին: Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցութեան ղեկավարներին, ապա Ներկայացուցիչների պալատի փոքրամասնութեան խօսնակ Էրիկ Կանտորը, ով յայտարարեց մեծամասնութեան առաջնորդ դառնալու իր մտադրութիւնների մասին, Ներկայացուցիչների պալատի մեծամասնութեան ենթադրելի խօսնակ Քեւին Մկքարթին եւ պալատի Հանրապետական քաղաքականութեան յանձնախմբի ղեկավար Թադէուս Մկքոթերը վերընտրուեցին ու բոլորն էլ 252-րդ բանաձեւի համահովանաւորներ էն: Թէժ պայքարում վերընտրուեցին Սենատի մեծամասնութեան առաջնորդ Հերի Ռիդը, ով Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի համահովանաւոր է, ինչպէս նաեւ 316-րդ բանաձեւի համահովանաւոր սենատորներ Բարբարայ Բոքսերը եւ Չարլզ Շումերը: Ի հաւելումն, սենատոր Սեմ Բրաունբեքը, ով նոյնպէս Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի համահովանաւոր է, զբաղեցրեց նահանգապետի պաշտօն: Սենատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ սենատոր Բրաունբեքը յուլիս ամսից ի վեր «կանգնեցրել էր» Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտօնին յաւակնող Օբամայի կողմից առաջարկուած Ֆրենսիս Ռիկարդիոնէ Կրտսերի թեկնածութիւնը: «112-րդ կոնգրէսում նոր փոփոխութիւններով այժմ մեր համայնքային աշխատանքներն էլ աւելի մեծ կարեւորութիւն կը ստանան: Համագումարը կոչ է անում բոլոր հայերին գալիք շաբաթներին եւ ամիսներին կապուել իրենց կողմից ընտրուած պաշտօնեաների հետ եւ քաջալերել նրանց աջակցել Հայոց Ցեղասպանութեան բանաձեւին»,- նշեց Համայնքի հետ աշխատանքների գծով տնօրէն Դանիէլ Քուշակջեանը: 1972 թուին հիմնուած` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտօնում տեղակայուած խոշորագոյն համազգային հասարակական կազմակերպութիւն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատուած անդամակցական կազմակերպութիւն է: Որպէս այդպիսին, համագումարը չի սատարում որեւէ թեկնածուի վերընտրման:
  -   Մամլո հաղորդագրություն