Եահկ-ն աջակցում է Հայաստանի զինուած ուժերի քաղաքացիական վերահսկողութեան բարձրացմանը


Եահկ-ն աջակցում է Հայաստանի զինուած ուժերի քաղաքացիական վերահսկողութեան բարձրացմանը

  • 29-10-2010 14:22:08   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակում հանրութեանը ներկայացուեց ԵԱՀԿ աջակցութեամբ իրականացուած` ՀՀ զինուած ուժերում մարդու իրաւունքների իրավիճակի վերաբերեալ ուսումնասիրութիւնը: ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի հովանաւորութեամբ եւ Հայաստանի Օմբուդսմենի գրասենեակի օժանդակութեամբ` «Հանդուրժողականութեան կենտրոն» հասարակական կազմակերպութեան կողմից իրականացուած հետազօտութեան նպատակն է դիտարկել է զինուած ուժերում մարդու իրաւունքների պաշտպանութեան իրաւական, սոցիալական եւ հոգեբանական գործօնները: «Օժանդակելով սոյն նախաձեռնութեանը` Եահկ-ն նպատակ ունի խթանել զինուած ուժերի քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողութիւնը: Մարդու իրաւունքների պաշտպանութիւնը բանակում կարեւոր է` երաշխաւորելու հանրային վստահութիւնը եւ բարձրացնելու զինուած ուժերի վստահելիութիւնը եւ արդիւնաւէտութիւնը», - ասաց ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի ռազմա-քաղաքական ծրագրերի պատասխանատու Գժեգոշ Միխալսկին: Ուսումնաիրութեան արդիւնքները հիմնւում էն զինուած ուժերի անձնակազմի իրաւագիտակցութեան, առաջնորդելու եւ ծառայելու հոգեբանական պատրաստուածութեան, ինչպէս նաեւ անձնակազմի յարաբերութիւնների վրայ ներգործող սոցիալական գործօնների գնահատման վրայ, որն իրականացուել է հարցազրոյցների եւ քննարկումների միջոցով: Զեկոյցում ներկայացւում էն առաջարկներ` անդրադառնալու զինուած ուժերում իրաւական եւ հոգեբանական մարտահրաւէրներին, երաշխաւորելու մարդու իրաւունքների պաշտպանութիւնը կարգապահական պատժամիջոցների կիրառման ժամանակ` ինչպէս նաեւ իրաւական կենտրոններ ներդնելու միջոցով: Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանը յաւելեց. «Զինուած ուժերի իրաւունքներին անդրադարձող այս նախաձեռնութիւնը բացառիկ փորձ է, որ հնարաւոր դարձաւ քաղաքացիական հասարակութեան, պաշտպանութեան սեկտորի, Օմբուդսմենի եւ միջազգային կազմակերպութիւնների համագործակցութեան շնորհիւ այն ոլորտում, ուր առկայ է յետագայ համագործակցութեան մեծ հեռանկար: Մենք առանձնակի կարեւորում ենք այս նախաձեռնութիւնը եւ ակնկալում շարունակել համագործակցութիւնը այս ձեւաչափով` խրախուսելու իրաւա-կիրառական բարեփոխումներ` յօգուտ զինուած ուժերի եւ հանրութեան լայն շրջանակների»: Օմբուդսմենի գրասենեակի ներկայացուցիչները ուղեկցել էն դիտորդներին զօրամասեր եւ աջակցութիւն տրամադրել` ուսումնասիրելու մարդու իրաւունքների հետ կապուած խնդիրները: ԵԱՀԿ գրասենեակը ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի հետ համաձայնագրի շրջանակներում գործակցում է` տրամադրելու փորձագիտական աջակցութիւն` հետամուտ զինուած ուժերում մարդու իրաւունքների պաշտպանութիւնը խթանման:
  -   Մարդու իրաւունքներ