Ստորագրուել է յուշագիր` Տաթեւում եւ յարակից գիւղական համայնքներում համայնքային եւ զբօսաշրջութեան զարգացման ծրագրերի իրականացման համար


Ստորագրուել է յուշագիր` Տաթեւում եւ յարակից գիւղական համայնքներում համայնքային եւ զբօսաշրջութեան զարգացման ծրագրերի իրականացման համար

  • 26-03-2012 16:34:33   |   |  Տնտեսութիւն
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանեան գրասենեակը եւ Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամն (ՀԱՄՀ) իրենց մանդատի ու առաքելութիւնների շրջանակներում մեծապէս նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանն ու ազգային մրցունակութեան ընդլայնմանը: Երկու կազմակերպութիւնները կարեւորում են հանրային-մասնաւոր հատուածների համագործակցութեան զարգացումը եւ իրենց գործունէութիւնը կառուցում են հիմնականում հանրային-մասնաւոր գործընկերութեան մոդելի հիման վրայ: 2012 թ. յունուարին ՄԱԶԾ-ն եւ ՀԱՄՀ-ը համատեղ մշակել են Սիւնիքի մարզի Տաթեւ գիւղական համայնքի զարգացման քառամեայ ծրագիր, որը ներառում է տասներեք ենթածրագրեր` կենտրոնանալով համայնքային ու զբօսաշրջային ենթակառուցուածքների զարգացման եւ եկամուտների ստեղծման վրայ: Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինայ Գեռչեւան եւ Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի գործադիր տնօրէն Արման Խաչատուրեանը ստորագրեցին համաձայնութեան յուշագիր` Տաթեւում եւ յարակից գիւղական համայնքներում համայնքային զարգացման եւ ծրագրերի իրականացման համար ներդրումներ ներգրաւելու նպատակին ուղղուած երկուստէք ջանքերը միաւորելու մասին: «Յուսով ենք, որ սա կը լինի եւս մէկ յաջողուած նախաձեռնութիւն, որը կարող է յետագայում ընդլայնուել` ընդգրկելով Տաթեւի բոլոր համայնքները եւ կարող է նուազեցնել տարածքային զարգացման անհամաչափութիւնները եւ նպաստել զբօսաշրջութեան զարգացմանը Սիւնիքի մարզում» - ասաց Դաֆինայ Գեռչեւան: Իր հերթին ՀԱՄՀ գործադիր տնօրէն Արման Խաչատուրեանն ընդգծեց համաձայնագրի կարեւորութիւնը հանրային-մասնաւոր գործընկերութեան համատեքստում: «Այս միջոցառումը հանդիսանում է նախաքայլը առաւել կարեւոր մի երեւոյթի. մենք հաւատարիմ ենք ապագայի մեր առաքելութեանը. ուղղել մեր ջանքերը ազգային ժառանգութեան եւ հոգեւոր արժէքների պահպանման, ինչպէս նաեւ զբօսաշրջային ենթակառուցուածքների զարգացման համար` կիրառելով հանրային եւ մասնաւոր մասնակցութեան գործիքակազմը»: ՄԱԶԾ-ն եւ ՀԱՄՀ-ը նախատեսում են կազմակերպել միջոցառում նուիրուած ֆինանսական միջոցների հաւաքագրմանը, որը հնարաւորութիւն կը տայ ներդրումներ ներգրաւել միջազգային կազմակերպութիւններից, մասնաւոր եւ հանրային հատուածների ներկայացուցիչներից, եւ այլ շահագրգիռ կողմերից:
  -   Տնտեսութիւն