Ամերիա բանկը ֆինանսաւորում է նախագիծ` առեւտրի ֆինանսաւորման գործիքների կիրառմամբ


Ամերիա բանկը ֆինանսաւորում է նախագիծ` առեւտրի ֆինանսաւորման գործիքների կիրառմամբ

  • 04-04-2012 17:24:38   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ամերիա բանկը ֆինանսաւորում է Անդրկովկասում առանձնայատուկ նշանակութեան նախագիծ` առեւտրի ֆինանսաւորման գործիքների կիրառմամբ Ամերիա բանկը նախաձեռնել է Անդրկովկասում առանձնայատուկ նշանակութեան նախագծի ֆինանսաւորում` առեւտրի ֆինանսաւորման գործիքների կիրառմամբ: Հայաստանի Չարենցաւան քաղաքում իրականացւում է ASCE GROUP ամենաժամանակակից մետաղաձուլական գործարանի կառուցման նախագիծը, որը կեանքի է կոչւում աշխարհահռչակ SIEMENS ընկերութեան կողմից: Նախագծի արժէքը կազմում է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլար, որից 15 մլն ԱՄՆ դոլարը ֆինանսաւորուելու է Ամերիաբանկի կողմից: Գործարքի առաջին փուլում Ամերիաբանկը թողարկել է 8.7 մլն եւրոյի չափով փաստաթղթային ակրեդիտիւ: Ակտիւօրէն համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ` Ամերիաբանկը վերջինիս կողմից իրականացուող առեւտրի ֆինանսաւորման ծրագրի շրջանակներում իրականացնում է Հայաստանի տնտեսութեան համար կարեւորագոյն նշանակութիւն ունեցող գործարանի կառուցման ֆինանսաւորումը: Ամերիա բանկի կորպորատիւ յաճախորդների գծով տնօրէն Գագիկ Սահակեանը նշեց. «Մենք կարեւորում ենք Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ASCE GROUP մետաղաձուլական գործարանի կառուցումը, քանի որ այն մեծապէս կը նպաստի Հայաստանի Հնա-ի կառուցուածքում արդիւնաբերութեան ծաւալների աւելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, եւ պողպատեայ ամրանների ներմուծման փոխարէն կ'ունենանք մրցունակ հայրենական արտադրանք: Ամերիաբանկը բարձր է գնահատում համագործակցութիւնը Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, որի կողմից հաստատուած առեւտրի ֆինանսաւորման սահմանաչափի շնորհիւ հնարաւոր է դառնում նման խոշոր նախագծի իրագործումը մրցունակ պայմաններով»: IFC-ի` Հարաւային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Թոմաս Լիւբեքը նշեց. «Այս նախագիծը հրաշալի օրինակ է այն բանի, թէ ինչպէս կարելի է ֆինանսական հաստատութիւնների հետ համագործակցութեան միջոցով աջակցել տնտեսութեան այլ ճիւղերին, նպաստել նոր տեխնոլոգիաների ներդրմանը, աշխատատեղերի ստեղծմանը եւ կլիմայի փոփոխութեան դէմ պայքարին»:
  -   Տնտեսութիւն