Ո՞վ յաղթեց Աղթամարի քարոզչական պատերազմում`<br /> հայերը թէ՞ թուրքերը


Ո՞վ յաղթեց Աղթամարի քարոզչական պատերազմում`
հայերը թէ՞ թուրքերը

  • 21-09-2010 22:24:09   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Թուրքիայի կառավարութեան սպասելիքները չարդարացան. չյաջողուեց աշխարհի չորս կողմից ակնկալուող հազարաւոր ուխտաւորների բազմութիւն ապահովել սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում գրեթէ մէկ դար յետոյ մատուցուած առաջին պատարագին: Միայն մի քանի հարիւր հայեր մասնակցեցին այդ արարողութեանը` առաւելապէս Ստամբուլից: Թուրքիան չարաչար ձախողուեց` փորձելով մոլորութեան մէջ գցել միջազգային հանրութեանը, թէ իբր հանդուրժող եւ բարեացակամ է հայերի նկատմամբ: Ի վերջոյ, ակնյայտ դարձաւ, որ թուրք ղեկավարներն աւելի շատ շահագրգռուած էին քաղաքական շոուի կազմակերպմամբ, քան հազարամեայ պատմութիւն ունեցող հայկական սրբավայրում կրօնական արարողութեան թոյլտուութեամբ: Երեք տարի առաջ գրուած մի յօդուածում ես քննադատել էի Թուրքիայի կառավարութեանը` Սուրբ Խաչ եկեղեցին պետական թանգարանի վերածելու համար: Այդ ժամանակ ես կոչ էի արել թուրքական իշխանութիւններին, առաջին` խաչ տեղադրել եկեղեցու գմբէթին, երկրորդ` այն դարձնել եկեղեցի եւ ոչ թէ թանգարան` թոյլատրելով Սուրբ պատարագի կանոնաւոր մատուցում, եւ երրորդ` եկեղեցին որպէս սեփականութիւն վերադարձնել Պոլսոյ Հայոց պատրիարքութեանը` Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարարութեան ենթակայութեանը յանձնելու փոխարէն: Այս տարուայ սկզբին Թուրքիայի կառավարութիւնը խոստացել էր խաչ տեղադրել եկեղեցու գմբէթին եւ թոյլ տալ այնտեղ ծառայութիւններ կատարել սեպտեմբերի 19-ին: Ես կոչ արեցի հայերին չմասնակցել այդ միջոցառմանը, քանզի գիտակցում էի, որ թուրքական իշխանութիւնների իսկական մտադրութիւնը կրօնական արարողութիւնների քօղի տակ քաղաքական շոու բեմադրելն էր: Հայկական շրջանակներում ներքին բուռն բանավէճ ծաւալուեց եկեղեցական արարողութիւնը բօյկօտելու կամ դրան մասնակցելու վերաբերեալ: Թուրքիայի չարամիտ ծրագրերը բացայայտող յօդուածները չկարողացան կարգաւորել բանավէճը: Դրութիւնն էլ աւելի վատթարացաւ, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Երուսաղէմի Հայոց պատրիարքութիւնը յայտարարեցին, որ մտադիր են ներկայացուցիչներ ուղարկել Աղթամարի եկեղեցի, թէեւ Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսութիւնը հրաժարուել էր մասնակցել: Ի վերջոյ, բախտը ժպտաց, երբ մեզ օգնութեան հասաւ թուրքական կառավարութիւնը: Նախատեսուած արարողութիւնից մի քանի շաբաթ առաջ թուրքական իշխանութիւնները յայտարարեցին, որ անհնար է խոստացուած խաչը տեղադրել եկեղեցու գմբէթին` ,տեխնիկական դժուարութիւններիէ անհեթեթ պատճառաբանութեամբ: Թուրքիայի վարչապետ Էրդողանը երկընտրանքի առաջ էր կանգնած: Եթէ նա թոյլ տար խաչը տեղադրել եկեղեցու գմբէթին, ապա կ'արժանանար համաշխարհային հանրութեան գնահատանքին, սակայն վճռորոշ ձայներ կը կորցնէր սեպտեմբերի 12-ի սահմանադրական բարեփոխումների թէժ հանրաքուէում: Ի վերջոյ, խաչը փրկեց կացութիւնը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չեղեալ յայտարարեց Աղթամար ներկայացուցիչներ ուղարկելու իր որոշումը: Երուսաղէմի Հայոց պատրիարքութիւնը հետեւեց Սուրբ Էջմիածնի օրինակին: Տուրիստական գործակալութիւնները եւս չեղեալ համարեցին Վանայ լիճ մեծ թուով հայ ուխտաւորներ հասցնելու ձեռնարկած ուղեւորութիւնները: Արդիւնքում, Թուրքիան տանուլ տուեց քարոզարշաւը եւ զգալի եկամուտներ կորցրեց: Սեպտեմբերի 19-ից մի քանի օր առաջ վարչապետ Էրդողանի գրասենեակը ներկաների թիւն աւելացնելու նպատակով մի վերջին ճիգ գործադրեց` հրաւէրներ ուղարկելով hայկական լրատուամիջոցներին` առաջարկելով վճարել նրանց ուղեւորութեան հետ կապուած բոլոր ծախսերը, այդ թւում` աւիատոմսերի, հիւրանոցի եւ սննդի: Նման հրաւէրներ ստացան եւս յիսուն հայ մեկնաբաններ ու վերլուծաբաններ, սակայն բոլորն էլ հրաժարուեցին գնալ, քանի որ Թուրքիան մերժել էր խաչը տեղադրել եկեղեցու գմբէթին: Թուրքերը, անգիտակցաբար, հայերի մեծ մասին ստիպեցին ճիշտ քայլ կատարել եւ չեղեալ համարել Սուրբ Խաչ իրենց այցելութիւնը: Հետաքրքիր է, որ թուրքական կառավարութիւնը նոյն կերպ վարուեց, երբ հրաժարուեց վաւերացնել հայ-թուրքական արձանագրութիւնները, դրա շնորհիւ պաշտպանելով Հայաստանի շահերը: Մինչ հայկական հասարակական, քաղաքացիական խմբերը եւ որոշ կուսակցութիւններ դէմ էին արտայայտւում Աղթամարի թուրքական ծրագրերին, Հայաստանի կառավարութիւնը զարմանալիօրէն լուռ էր: Թուրքիան, անյայտ պատճառներով հայ պաշտօնեաներին չհրաւիրեց Սուրբ Խաչի արարողութեանը: Հաշուի առնելով հայ-թուրքական արձանագրութիւնների առնչութեամբ Անկարայի ամօթալի խաղերն ու ֆուտբոլային դիւանագիտութեան յետագայ տապալումը, թւում է, թէ Հայաստանի ղեկավարները այնքան էլ ցանկութիւն չունէին միանալ թուրքերի մէկ այլ խորամանկ հնարքի: Ցաւօք, Աղթամար գնալու շուրջ վիճաբանութիւններում հայերը շատ ժամանակ ու եռանդ վատնեցին: Այդ տարաձայնութիւնները խանգարեցին նրանց բողոքի ցոյցեր կազմակերպել խոշոր մայրաքաղաքներում եւ աշխարհին իրազեկել թուրքական երկարամեայ գազանութիւնների, հազարաւոր եկեղեցիների աւերման ու պատմական Հայաստանի հողերի բռնազաւթման մասին: Սակայն, խաչը չտեղադրելու պատճառով արարողութեան բօյկօտումը գրաւեց միջազգային լրատուամիջոցների ուշադրութիւնը: Ճակատագրի հեգնանքով, թուրք պաշտօնեաներն էլ աւելի աջակցեցին իրենց գործի ձախողմանը` խաչը թողնելով գետնի վրայ, Սուրբ Խաչ եկեղեցու կողքին` ի տես հանրութեան եւ լրատուամիջոցների տեսախցիկների: Այժմ Թուրքիայի կառավարութիւնը խոստանում է վեց շաբաթուայ ընթացքում խաչը տեղադրել եկեղեցու գմբէթին: Անկախ այն բանից, թէ Թուրքիան ինչ է պատրաստւում անել խաչի հետ, հայերը պէտք է հետամուտ լինեն իրենց ինքնուրոյն գործողութիւնների կատարմանը, այլ ոչ թէ պարզապէս հակազդեն թուրքական իշխանութիւնների ճղճիմ խաղերին: Այս պահին, այն միակ յայտարարութիւնը, որ հայերն ուզում են լսել Անկարայից` Սուրբ Խաչ եկեղեցին Պոլսոյ Հայոց պատրիարքութեանը վերադարձնելն է:   ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ ,կալիֆորնիայ կ'ուրիերէ թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ