Տեղի ունեցաւ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի հասարակական կազմակերպութեան գործադիր կոմիտէի նիստը


Տեղի ունեցաւ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի հասարակական կազմակերպութեան գործադիր կոմիտէի նիստը

  • 28-05-2012 18:25:21   |   |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 26-ին Վիեննայում ՀՀ դեսպանութիւնում տեղի ունեցաւ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի հասարակական կազմակերպութեան գործադիր կոմիտէի հերթական նիստը, որը վարում էին կազմակերպութեան փոխնախագահ Ալբերտ Բոյաջեանը եւ քարտուղար Բագրատ Բուռնազեանը: Մասնակիցների թւում էին աշխարհի աւելի քան 20 քաղաքներ ներկայացնող Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի գործադիր մարմնի անդամներ Բուենոս-այրեսից, Լոս-անջելեսից, Մոնրէալից, եւրոպական մի շարք քաղաքներից` Մայնի Ֆրանկֆուրտ, Մանչեստեր, Վիեննա, Բուխարեստ, Սոֆիա, Մաղրեբի եւ Մերձաւոր Արեւելքի երկրներից` Կ'ահիրէ, Ալեքսանդրիայ, Թեհրան, Հալէպ, Բէյրութ, Ստամբուլ, Նիկոսիայ եւ այլն: Նիստին ներկայ էր եւ Հայաստան-սփիւռք կապերի ամրապնդման գործում Համահայկական խաղերի կարեւորութեան մասին մասնակիցներին ուղղուած խօսքով հանդէս եկաւ Աւստրիայում եւ Վիեննայում տեղակայուած միջազգային կազմակերպութիւններում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսեանը: Նիստի մասնակիցները քննարկեցին մի շարք օրակարգային թեմաներ, մասնաւորապէս` Համահայկական ձմեռային խաղերի անցկացման հնարաւորութիւնը, ամառային խաղերի շրջանակներում նոր մարզաձեւերի ընդգրկման, խաղերի աշխարհագրութեան ընդլայնման, Երեւանում խաղերի գրասենեակի ստեղծման, բովանդակային ու կազմակերպչական այլ հարցեր: Նոյն օրը միջոցառման մասնակիցներն այցելեցին Վիեննայում տեղակայուած Մխիթարեան միաբանութեան վանական համալիր, ծանօթացան միաբանութեան թանգարանում պահուող գանձերին: Մխիթարեան միաբանութեան հանդիսութիւնների սրահում կազմակերպուած պաշտօնական ընթրիքի ընթացքում կազմակերպութեան աշխատանքների արդիւնաւէտութեան յետագայ բարձրացման, հայութեանը համախմբող նրա դերակատարութեան վերաբերեալ ելոյթներով հանդէս եկան Հայաստանի Հանրապետութեան դեսպան Արման Կիրակոսեանը, Միաբանութեան Վիեննայի մասնաճիւղի հոգեւոր առաջնորդ Հայր Պօղոս Գոճանեանը, Աւստրիայում Հայաստանէայց Առաքելական Եկեղեցու հոգեւոր առաջնորդ Տէր Հայկազուն եպիսկոպոս Նաջարեանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէ հասարակական կազմակերպութեան գործադիր կոմիտէի փոխնախագահներ Ստեփան Դերբեդրոսեանը, Ալբերտ Բոյաջեանը եւ ուրիշներ: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, մայիսի 27-ին կազմակերպութեան անդամները մասնակցեցին Վիեննայում տեղակայուած Հայաստանէայց Առաքելական Սուրբ Հռիփսիմէ եկեղեցում տեղի ունեցած Սուրբ Պատարագի արարողութեանը:
  -   Մամլո հաղորդագրություն