Հայրապետեանը «շատ ուժեղ ջղայնացել է» ...


Հայրապետեանը «շատ ուժեղ ջղայնացել է» ...

  • 20-06-2012 17:16:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Հանրապետական պատգամաւոր Ռուբեն Հայրապետեանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում չորս օր առաջ տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի առնչութեամբ ոստիկանութիւնը ձերբակալել է չորս մարդու: Ինչպէս այսօր «Ազատութիւն» ռադիօկայանին փոխանցեց ոստիկանութեան մամուլի ծառայութեան ղեկավար Աշոտ Ահարոնեանը, ձերբակալուել են ռեստորանային համալիրի անվտանգութեան ծառայութեան երկու աշխատակիցնէր, մէկ մենեջեր եւ մէկ մատուցող: Ձերբակալուածների թւում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգութեան ծառայութեան աշխատակից Գարիկ Մարգարեանը, ում լուսանկարները մամուլը երէկ արդէն հրապարակել էր` նշելով, որ հիմնականում նա է զինուորական բժիշկներին ծեծի ենթարկել: Յիշեցնենք, յունիսի 17-ին «հարսնաքարէ ռեստորանում Կենտրոնական զինուորական հոսպիտալի երեք բժիշկներ դաժան ծեծի են ենթարկուել: Նրանցից 35-ամեայ Վահէ Աւետեանի վիճակը ծայրայեղ ծանր է. նրան երկու անգամ վիրահատել են` փորձելով կանխել ուղեղի այտուցումը: Այսօր Զինուորական հոսպիտալից «Ազատութիւն» ռադիօկայանին փոխանցեցին, որ Աւետեանի վիճակը շարունակում է ծայրայեղ ծանր մնալ: Այսպիսով, դէպքից միայն չորս օր անց ոստիկանութիւնը ձերբակալեց չորս մարդու: Նկատենք, սակայն, որ ծեծի ենթարկուած բժիշկ Արտակ Բայադեանը «Ազատութիւն» ռադիօկայանին տուած հարցազրոյցում ասել էր, որ իրենց դաժան ծեծի են ենթարկել մօտ 15 հոգով: «Հայրապետեանը ինչո՞վ է մեղաւոր» Երեքշաբթի օրը այս միջադէպին արձագանքել էր Հհկ-ական պատգամաւոր Ռուբեն Հայրապետեանը` «անթոյլատրելի»եւ «որեւէ արդարացում» չունեցող համարելով այն: Նա յայտարարել էր, որ ամէն ինչ անելու է, որպէսզի բոլոր յանցագործները պատժուեն օրէնքի ամբողջ խստութեամբ: Հայրապետեանն այսօր խորհրդարան չէր եկել. փոխարէնը այնտեղ էր ՀՀԿ-ական մէկ այլ պատգամաւոր` գործարար Սամուէլ Ալեքսանեանը, ով Հայրապետեանի մտերիմ ընկերն է: Հարցին, թէ ինչպէ՞ս է գնահատում «Հարսնաքար»-ում տեղի ունեցածը, Ալեքսանեանը պատասխանեց. - «Վատ բան է եղել, բայց Հայրապետեանը ինչո՞վ է դրա համար մեղաւոր: Ցաւդ տանեմ, ուրեմն ես էլ աշխատողներ ունեմ, բարեկամներ ունեմ, հիմա իմ բարեկամները, աշխատողները ինչ անեն, ես պէտք է պատասխա՞ն տամ դրա համար: Եթէ Հայրապետեան Ռուբոյի տղան մի վատ բան կ'անի, դա ուրիշ բան»: Ալեքսանեանն ասաց, թէ Հայրապետեանը «Շատ ուժեղ ջղայնացել է» դէպքի կապակցութեամբ եւ արդէն իսկ աշխատանքից հեռացրել է մեղաւորներին: Հարցին, թէ իր կարծիքով, որտեղի՞ց է գալիս այդ դաժանութիւնը, երբ մարդուն կարող են այնքան ծեծել, մինչեւ նա մահամերձ լինի, Ալեքսանեանը պատասխանեց. - «Դէ, ես չեմ կարայ ասեմ, ես քաղաքում չեմ եղել»: «Իսկ կարելի՞ է ասել, որ Երեւանում այլեւս անվտանգ չէ, անգամ ռեստորաններում են մարդկանց ծեծի ենթարկում», - նկատեցին լրագրողները: Գործարար պատգամաւորը, ի պատասխան այդ հարցի, լրագրողներին հրաւիրեց իրեն պատկանող ռեստորան: «Դուք կարաք գաք մեր ռեստորան, ոչ մէկդ էլ ծեծի չէք ենթարկուի», - վստահեցրեց Ալեքսանեանը. - «Ճիշտն ասած, առաջին օրերին, երբ բացուել էր ռեստորանը, հէնց նման դէպքեր սկսեցին լինել, մենք կ'անխեցինք»: «Երեկ Ռուբեն Հայրապետեանը յայտարարութեամբ հանդէս եկաւ, որը շատ ազնիւ էր եւ կարգին յայտարարութիւն էր: Իսկ ինչ վերաբերում է այդ երեւոյթին, մասնաւորապէս բանակի սպայի նկատմամբ նման երեւոյթը մեզ համար ոչ միայն դատապարտելի է, այլ ամէն ինչ անելու ենք, որ մեղաւորները պատժուեն օրէնքի խստութեամբ», - կատարուածի առնչութեամբ «Ազատութիւն» ռադիօկայանի հետ զրոյցում ասաց ՀՀԿ-ի փոխնախագահ, կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանը` յաւելելով, թէ ինքը չի կարծում, որ դաժանութեան նման դրսեւորումները անպատժելիութեան արդիւնք են: «Որովհետեւ եթէ նման դէպք է կատարւում, բնականաբար, բոլորն էլ պատժւում են: Եւ կը պատժուեն այս անգամ: Մասնաւորապէս նշում եմ` դա սպայի նկատմամբ է կատարուել, զինուորի նկատմամբ: Աւելի խիստ է լինելու», - փաստարկեց Գալուստ Սահակեանը: «Ազատութիւն» ռադիօկայան
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը