Սերժ Սարգսեան. ԼՂ խնդիրը պէտք է կարգաւորուի Հելսինկեան եզրափակիչ ակտում արձանագրուած սկզբունքների հիմա վրայ


Սերժ Սարգսեան. ԼՂ խնդիրը պէտք է կարգաւորուի Հելսինկեան եզրափակիչ ակտում արձանագրուած սկզբունքների հիմա վրայ

  • 26-06-2012 15:24:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի եւ Աւստրիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսեանի պատասխանը աւստրիացի լրագրողի հարցին` ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացի վերաբերեալ. Հարց - Մեծարգո՛յ պարոն Նախագահ Սարգսեան, Հայաստանի Հանրապետութեան տեսանկիւնից որո՞նք են այն մեծ խոչընդոտները, որոնք խանգարիչ հանգամանք են ԼՂ հակամարտութեան կարգաւորման հարցում: Սերժ Սարգսեան – Ընդհանրապէս, Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծուած իրավիճակը շարունակում է մարտահրաւէր հանդիսանալ ինչպէս տարածաշրջանի, այնպէս էլ եւրոպական անվտանգութեան համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգաւորմանը մենք այլընտրանք չենք տեսնում: Բայց, ցաւօք, Ադրբեջանի կողմից որդեգրուած քաղաքականութիւնը վերջին մէկ տարուայ ընթացքում, ռազմատենչ յայտարարութիւններն ու չհիմնաւորուած ինքնավստահութիւնը լարուածութիւն են առաջացնում ինչպէս շփման գծում, այնպէս էլ հայ-ադրբեջանական սահմանի վրայ: Եւ պատահական չէր, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում այդ սադրանքների արդիւնքում զոհուեցին երիտասարդներ, եւ իրավիճակը լարուեց: Ինչպէս գիտէք, մի քանի օր առաջ մեքսիկական Լոս Կաբոս քաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները յայտարարեցին եւ կոչ արեցին կողմերին, որպէսզի նրանք պահպանեն 1994թ. կնքուած հրադադարի պայմանները, պահանջներն ու նաեւ շեշտեցին, որ ԼՂ խնդիրը պէտք է կարգաւորուի Հելսինկեան եզրափակիչ ակտում արձանագրուած սկզբունքների հիմա վրայ: Այն է` ուժի ու դրա սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի յարգում եւ պետութիւնների տարածքային ամբողջականութեան պահպանում: Մենք պատրաստ ենք այս սկզբունքների հիման վրայ շարժուել առաջ, եւ որքան շուտ կարգաւորուի հարցը, այնքան մենք ուրախ կը լինենք: Խնդրի շուտափոյթ կարգաւորումը բխում է Հայաստանի եւ ԼՂ ժողովուրդների շահերից: Թէ որո՞նք են խանգարող պատճառները, կարծում եմ վերջին ամիսների ընթացքում միջազգային հանրութիւնը կարողացել է դրանում համոզուել. Ադրբեջանը որդեգրել է առաւելապաշտական դիրքորոշում` խօսքերով համաձայն լինելով այս երեք սկզբունքների հետ: Իրականութեան մէջ Ադրբեջանն այս երեք սկզբունքներից ընդունում է միայն մէկ` պետութեան տարածքային ամբողջականութեան սկզբունքը` բացառելով ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը եւ խնդիրների խաղաղ կարգաւորման սկզբունքը: Երբ մենք կարողանանք այս սկզբունքներն իրականում ընդունել, դարձնել մեր համոզմունքը, այն ժամանակ խնդիրը կը կարգաւորուի: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն