Սերժ Սարգսյան. ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտում արձանագրված սկզբունքների հիմա վրա


Սերժ Սարգսյան. ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտում արձանագրված սկզբունքների հիմա վրա

  • 26-06-2012 15:24:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի եւ Ավստրիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը ավստրիացի լրագրողի հարցին՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ. Հարց - Մեծարգո՛ պարոն Նախագահ Սարգսյան, Հայաստանի Հանրապետության տեսանկյունից որո՞նք են այն մեծ խոչընդոտները, որոնք խանգարիչ հանգամանք են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Սերժ Սարգսյան – Ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մարտահրավեր հանդիսանալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական անվտանգության համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը մենք այլընտրանք չենք տեսնում: Բայց, ցավոք, Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը վերջին մեկ տարվա ընթացքում, ռազմատենչ հայտարարություններն ու չհիմնավորված ինքնավստահությունը լարվածություն են առաջացնում ինչպես շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի վրա: Եվ պատահական չէր, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում այդ սադրանքների արդյունքում զոհվեցին երիտասարդներ, եւ իրավիճակը լարվեց: Ինչպես գիտեք, մի քանի օր առաջ մեքսիկական Լոս Կաբոս քաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները հայտարարեցին եւ կոչ արեցին կողմերին, որպեսզի նրանք պահպանեն 1994թ. կնքված հրադադարի պայմանները, պահանջներն ու նաեւ շեշտեցին, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտում արձանագրված սկզբունքների հիմա վրա: Այն է՝ ուժի ու դրա սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգում եւ պետությունների տարածքային ամբողջականության պահպանում: Մենք պատրաստ ենք այս սկզբունքների հիման վրա շարժվել առաջ, եւ որքան շուտ կարգավորվի հարցը, այնքան մենք ուրախ կլինենք: Խնդրի շուտափույթ կարգավորումը բխում է Հայաստանի եւ ԼՂ ժողովուրդների շահերից: Թե որո՞նք են խանգարող պատճառները, կարծում եմ վերջին ամիսների ընթացքում միջազգային հանրությունը կարողացել է դրանում համոզվել. Ադրբեջանը որդեգրել է առավելապաշտական դիրքորոշում՝ խոսքերով համաձայն լինելով այս երեք սկզբունքների հետ: Իրականության մեջ Ադրբեջանն այս երեք սկզբունքներից ընդունում է միայն մեկ՝ պետության տարածքային ամբողջականության սկզբունքը՝ բացառելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ խնդիրների խաղաղ կարգավորման սկզբունքը: Երբ մենք կարողանանք այս սկզբունքներն իրականում ընդունել, դարձնել մեր համոզմունքը, այն ժամանակ խնդիրը կկարգավորվի: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play