Ակցիայ` «Ապրել եմ ուզում»խորագրով


Ակցիայ` «Ապրել եմ ուզում»խորագրով

  • 27-06-2012 10:38:43   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպութիւնը յունիսի 26-ին Շառլ Ազնաւուրի անուան հրապարակում Թմրանիւթերի չարաշահման եւ ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի միջազգային օրուայ առթիւ անցկացրին «Ապրել եմ ուզում»խորագրով ծրագիրը: Այն նպատակ ունէր երիտասարդութեանը տեղեկացնել թմրանիւթերի կործանարար հետեւանքների մասին: Ինչպէս նշեց ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամաւոր Կարէն Աւագեանը, ամբողջ աշխարհում թմրամոլութիւնն արդիական խնդիր է. տարէցտարի աւելանում է թմրամոլների թիւը: ?Վերջին 10 տարիների ընթացքում թմրանիւթ օգտագործողների թիւն աշխարհում 180 միլիոնից հասել է 210 միլիոնի, ինչը մտահոգիչ է: Հայաստանում թմրամիջոցնէր օգտագործողների թիւը, համեմատած այլ երկրների հետ, այդքան մեծ չէ, սակայն մեզ մօտ էլ առկայ է թմրամոլների աճի միտում, եւ նման ակցիաները նպատակ ունեն իրազեկել հանրութեանը, յատկապէս երիտասարդներին, թմրանիւթերի կործանարար ազդեցութեան մասին, ինչը կը նպաստի երեւոյթի կանխարգելմանը?,- նշեց Կարէն Աւագեանը: Նա նաեւ մտահոգիչ համարեց այն, որ Հայաստանում թմրամոլների 40 տոկոսը մինչեւ 35 տարեկան երիտասարդներ են: Շատ յաճախ ինֆորմացիայի բացակայութիւնն է, որ երիտասարդներին մղում է դէպի թմրամիջոցները: Կարէն Աւագեանն ընդգծեց նաեւ, որ այս չարիքի դէմ հնարաւոր է լիարժէք պայքարել միայն ամբողջ հասարակութեան ուժերը համախմբելով: Միջոցառումն ուղեկցւում էր համերգային ծրագրով. «Դորիանս» խումբն իր ռոքային կատարումներով քարոզում էր զերծ մնալ թմրամիջոցներից: Ըստ «Դորիանսի»մենակատար Գոռ Սուջեանի` իր համար աւելի լաւ թմրանիւթ, քան երաժշտութիւնն է, գոյութիւն չունի: «Ապրել եմ ուզում» խորագրով ակցիայի ընթացքում Երեւանի գեղարուեստի պետական ակադեմիայի եւ Երեւանի Փ. Թերլեմեզեանի անուան պետական քոլեջի ուսանողներն իրենց պատկերած նկարների միջոցով հանրութեան ուշադրութիւնն էին սեւեռում թմրամոլութեան հետեւանքների վրայ, երեւոյթ, որն աշխարհում տարեկան մօտ 200 հազար մարդու մահուան պատճառ է դառնում: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսեակ Պօղոսեանն էլ կարծում է, որ հասարակութիւնը չպէտք է անտարբեր լինի թմրամոլութեան դէմ պայքարում: Հասարակութեան տարբեր շերտերի համագործակցութեան պարագայում միայն կարելի է կասեցնել այս չարիքը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ակցիայի ընթացքում ուսանողների պատկերած նկարները յետագայում կը նուիրուեն տարբեր բուժհաստատութիւնների:
  -   Հասարակութիւն