Ակցիա՝ «Ապրել եմ ուզում» խորագրով


Ակցիա՝ «Ապրել եմ ուզում» խորագրով

  • 27-06-2012 10:38:43   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հունիսի 26-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ անցկացրին «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագիրը։ Այն նպատակ ուներ երիտասարդությանը տեղեկացնել թմրանյութերի կործանարար հետեւանքների մասին։ Ինչպես նշեց ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ամբողջ աշխարհում թմրամոլությունն արդիական խնդիր է. տարեցտարի ավելանում է թմրամոլների թիվը։ ?Վերջին 10 տարիների ընթացքում թմրանյութ օգտագործողների թիվն աշխարհում 180 միլիոնից հասել է 210 միլիոնի, ինչը մտահոգիչ է։ Հայաստանում թմրամիջոցներ օգտագործողների թիվը, համեմատած այլ երկրների հետ, այդքան մեծ չէ, սակայն մեզ մոտ էլ առկա է թմրամոլների աճի միտում, եւ նման ակցիաները նպատակ ունեն իրազեկել հանրությանը, հատկապես երիտասարդներին, թմրանյութերի կործանարար ազդեցության մասին, ինչը կնպաստի երեւույթի կանխարգելմանը?,- նշեց Կարեն Ավագյանը։ Նա նաեւ մտահոգիչ համարեց այն, որ Հայաստանում թմրամոլների 40 տոկոսը մինչեւ 35 տարեկան երիտասարդներ են։ Շատ հաճախ ինֆորմացիայի բացակայությունն է, որ երիտասարդներին մղում է դեպի թմրամիջոցները։ Կարեն Ավագյանն ընդգծեց նաեւ, որ այս չարիքի դեմ հնարավոր է լիարժեք պայքարել միայն ամբողջ հասարակության ուժերը համախմբելով։ Միջոցառումն ուղեկցվում էր համերգային ծրագրով. «Դորիանս» խումբն իր ռոքային կատարումներով քարոզում էր զերծ մնալ թմրամիջոցներից։ Ըստ «Դորիանսի» մենակատար Գոռ Սուջյանի՝ իր համար ավելի լավ թմրանյութ, քան երաժշտությունն է, գոյություն չունի։ «Ապրել եմ ուզում» խորագրով ակցիայի ընթացքում Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի եւ Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողներն իրենց պատկերած նկարների միջոցով հանրության ուշադրությունն էին սեւեռում թմրամոլության հետեւանքների վրա, երեւույթ, որն աշխարհում տարեկան մոտ 200 հազար մարդու մահվան պատճառ է դառնում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանն էլ կարծում է, որ հասարակությունը չպետք է անտարբեր լինի թմրամոլության դեմ պայքարում։ Հասարակության տարբեր շերտերի համագործակցության պարագայում միայն կարելի է կասեցնել այս չարիքը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ակցիայի ընթացքում ուսանողների պատկերած նկարները հետագայում կնվիրվեն տարբեր բուժհաստատությունների։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play