Գալուստ Գիւլբենկեան հիմնարկութեան ներդրումը կարեւոր է հայ ազգի կրթութեան եւ մշակոյթի զարգացման գործում


Գալուստ Գիւլբենկեան հիմնարկութեան ներդրումը կարեւոր է հայ ազգի կրթութեան եւ մշակոյթի զարգացման գործում

  • 02-07-2012 12:00:03   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն»մշակոյթի կենտրոնի ամենամեծ դահլիճը կրում է հայ նաւթարդիւնաբերող, յայտնի գործարար, մարդասէր-բարեգործ Գալուստ Գիւլբենկեանի անունը: Համանուն այդ սրահում յունիսի 30-ին կայացաւ գալուստ Գիւլբենկեանի յուշ-երեկոն, որ նախաձեռնել էին վրաստանի հայ մտաւորականների միութիւնը եւ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակոյթի կենտրոնը` ՀՀ մշակոյթի եւ սփիւռքի նախարարութիւնների աջակցութեամբ: Բացելով երեկոն, Վրաստանի հայ մտաւորականների միութեան նախագահ Ռուբեն Թորոսեանը հանգամանալից ներկայացրեց Գալուստ Գիւլբենկեան բարերարի եւ նաւթարդիւնաբերողի կեանքի ուղին, ոգեկոչելով բարերարի ազգապահպան նպատակամղումները: Գալուստ Գիւլբենկեան մեկենասի բարեգործութեան թագը այն հիմնադրամի գործունէութիւնն է, որը ստեղծուել է 1956 թ-ին Լիսաբոնում` հայ մեծահարուստի (1869–1955 թթ.) կտակի համաձայն: Հիմնարկութեան նպատակը գիտութեան, կրթութեան, առողջապահութեան եւ արուեստի զարգացմանն աջակցելն է: Թերեւս կտակում նշուած էր միայն Սբ.Էջմիածնի Մայր տաճարի նորոգման համար գումար յատկացնելու մասին: Սակայն կտակարար մարմնի անդամ Գեւորգ Եսայեանի` Գալուստ Գիւլբենկեանի դստեր ամուսնու ջանքերով յետագայում հիմնարկութիւնում բացուել է նոր` Հայկական համայնքների բաժանմունքը, որի տարեկան բիւջէն շուրջ 4 մլն դոլար է եւ այն կանոնաւորապէս բաշխւում է Սփիւռքի եւ Հայաստանի գիտական, առողջապահական, կրթական եւ մշակութային կազմակերպութիւններին: Գալուստ Գիւլբենկեան գործարարի, գիտութեան ու մշակոյթի դերը գնահատողի կեանքից հետաքրքիր դրուագներ յիշատակեց Հայ մտաւորականների միութեան Թբիլիսեան կազմակերպութեան նախագահ Ենոք թադեւոսեանը: Միջոցառման աւարտին գնահատանքի իր խօսքում Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ տեր վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը, խօսելով հայ մեծահարուստների ազգանուէր գործունէութեան մասին, կարեւորեց Գալուստ Գիւլբենկեան հիմնարկութեան ներդրումը հայ ազգի կրթութեան եւ մշակոյթի զարգացման գործում: Սրբազան Հայրը երախտագիտութեամբ նշեց, որ հիմնարկութեան հայկական բաժանմունքի երկար տարիների տնօրէն իսկական հայորդի դոկտոր զաւէն Եկաւեանի եւ ներկայիս ղեկավար Աստղիկ Թոքմաջեանի հայապահպան առաքելութեամբ, Գալուստ Գիւլբենկեան հիմնադրամը աջակցում է նաեւ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակոյթի կենտրոնի գործունէութեանը: Երեկոյի ընթացքում ցուցադրուեցին դրուագներ Գալուստ Գիւլբենկեանին եւ նրայ անունով հիմնադրամի գործունէութեանը նուիրուած տեսաֆիլմից: երեկոն համեմուած էր երգչուհի Աննա Պողոսովայի եւ դաշնակահարներ Մարիկա սուբիաշուիլիի, Կարէն Միրոզեանի գեղեցիկ կատարումներով:
  -   Հասարակութիւն