Արաբկիր համայնքում բացուեց «Նագգաշեան մանուկների տունը»


Արաբկիր համայնքում բացուեց «Նագգաշեան մանուկների տունը»

  • 03-07-2012 11:42:07   | Հայաստան  |  Հասարակութիւն

Յունիսի 30-ին Երեւանի Արաբկիր համայնքի Ահարոնեան 2/2 հասցէում տեղի ունեցաւ «Նագգաշեան մանուկների տուն» երեխաների աջակցութեան կենտրոնի բացման արարողութիւնը: արարողութեան սկզբում ազգային եւ հոգեւոր երգերի կատարումներով հանդէս եկան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արաբկիրի Հայորդեաց տան սաները: Ապա իրենց սրտի խօսքն ասացին «Մեր յոյս» հայկական բարեգործական կազմակերպութեան (ԱՄՆ) նախագահ Ադրինէ Կրիկորեանը եւ «Նագգաշեան մանուկների տուն» աջակցութեան կենտրոնի տնօրէն Միհրան Միրիջանեանը: նրանց խօսքով` կենտրոնն իր էութեամբ տարբերուելու է նմանատիպ այլ աջակցութեան կենտրոններից` ունենալով հիմնականում ուսումնական ուղղուածութիւն: այնուհետեւ հանդիսապետութեամբ Մուշեղ Սրբազանի կատարուեց տնօրհնէքի արարողութիւն: ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի, հայկական բարեգործական «Մեր Յոյս» կազմակերպութեան եւ անհատ բարերարների աջակցութեամբ «Նագգաշեան մանուկների տունը»կը գործի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքոյ: Այն ծառայելու է սոցիալապէս անապահով ընտանիքների 10 տարեկանից բարձր աղջիկների համար: Մանուկների տանը 50 աղջիկներ կը ստանան մասնագիտական կողմնորոշում ու սոցիալական աջակցութիւն, կը հմտանան արհեստների մէջ: Կենտրոնն իր դռները կը բացի սեպտեմբերի 1-ից: Ապագայում նախատեսւում է նաեւ ապաստան տրամադրել մուրացիկ երեխաներին, ովքեր, օթեւան ունենալուց բացի, կը ստանան հոգեբանական աջակցութիւն:
  -   Հասարակութիւն